Foto

Ինչո՞ւ «սամասուդը» դարձավ օրվա հրամայական

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին իր գրառումների ու ձևակերպումների համար ծեծի ենթարկելու դեպքը հանրային մեծ ռեզոնանս է ստացել: Նույնիսկ բանը հասել է նրան, որ քաղաքացիներն ինքնակամ գնում են ոստիկանական բաժանմունք և հայտարարում, որ իրենք են դա արել կամ կարող էին դա անել:

Փաստացի տեղի է ունեցել ինքնիրավչություն, բայց քչերն են բողոքում դրա դեմ, ինչո՞ւ, ինչու «սամասուդը» շատերի համար դարձավ օրվա հրամայական: Դրա արմատները մոտ մեկ տարվա պատմություն ունեն, երբ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ քաղաքացիներն առաջին անգամ բաժանվեցին «սևերի և սպիտակների»: Թավշյա հեղափոխությամբ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն այդ օրերին «ասֆալտին փռելու» իր սպառնալիքներով սկիզբ դրեց մի գործընթացի, որի արդյունքում արդեն խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ հանրությունը, անկախ իրենից, «սև ու սպիտակից» թեթև ցատկով հայտնվեց «հեղափոխականների և հաԳահեղափոխականների» ճամբարներում, հիմա էլ «թավշյան» արտահանում ենք Արցախ:

Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «մեծագույն խնդիրներից մեկը եղել և շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձևավորումը»: Վարչապետը կարծում է, որ հենց այդպիսի միջավայր է ձևավորված երկրում: Ընդհանրապես օրեցօր կարծրանում է այն միտքը, որ Փաշինյանն իր արշինով սկսել է չափել նույնիսկ երևույթները: Եթե ինքը կաշառք չի վերցնում, ուրեմն կաշառակերությունը վերացված է, եթե ինքը «ասֆալտին փռել» եզրույթը հասկանում է փոխաբերական իմաստով, ապա երկրում բոլորն էլ հենց այդպես են հասկանում կամ գուցե վարչապետի բոլոր ասածները հասկանանք փոխաբերակա՞ն իմաստով (այպես մեկ էլ սովետների երկրում էր՝ սեքս չկար): Բայց ցավոք, ամենևին էլ այդպես չէ և վարչապետի «ասֆալտային» տրամադրությամբ վարակված մեկը կարող է Արցախի նախագահի գլուխը կոտրելու ցանկություն ունենալ, մյուսը փողոցում թոռնիկների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանին կարող է քշքշել ու անպատվել, մի երրորդն էլ կարող է հենց վարչապետի եղբորորդու՝ ԱԺ պատգամավորի մեքենան թալանել: Նույնիսկ իր կառավարությունում իր իսկ կողմից նշանակված պաշտոնյաները երևույթների նկատմամբ սեփական «տեսլականներն» ունեն, որոնք, մեղմ ասած, չեն զուգահեռվում փաշինյանական բարոյականության չափանիշներին (վկան՝ աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումները):

Այո՛, հանրությանը պետք է բռնությունից զերծ պահել, պաշտպանել և դա պետության ֆունկցիան է: Սակայն ի՞նչ է անում քաղաքացին, երբ տեսնում է, որ պետությունը զբաղված է, օրինակ, ԱԺ ամբիոնից հովվերգական ընթերցանությամբ. ճի՛շտ է, անցնում է ինքնիրավչութան: Կոնկրետ դեպքում Վարդան Հարությունյանը դժվար թե բավարարում ստանա, որովհետև հանրային տրամադրությունները հակառակն են ցույց տալի: Բայց որտե՞ղ է երաշխիքը, որ հենց «հանրային տրամադրություններն» են ապրիորի ճիշտը: Իսկ եթե վաղը այդ «հանրային տրամադրությունը» շրջափակի օդանավակայանը, ինչպես մի քանի օր առաջ դատարանները, եթե այդ տրամադրությամբ մարդիկ նոր «ՊՊԾ» անեն, ի՞նչ է լինելու «բռնությունից զերծ» միջավայրի հետ:

Բավական է սեփական մարմնով փակել ճեղքերը, երկինքներից իջնելու և ինքնաքննադատության ժամանակն է: