Foto

Ո՞ւմ համար է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է, որ «Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը լինելու է հենց ԱԺ պաշտպանության հանձնաժողովը և ոչ մի ուրիշ մարդ»: Պատգամավորը նաև տեղեկացրել է, որ հանձնաժողովի նիստերը դռնփակ պիտի լինեն, որովհետև «ինֆորմացիաները գուցե այնպիսին լինեն, որ չի կարելի հանրայնացնել»:

Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննելու նպատակով  որոշակի քայլեր նախաձեռնվեն, հանրության մեջ կարծիքները կիսվեցին: Մի մասին իրապես հետաքրքրում է, թե ինչ է կատարվել այդ օրերին, ով և ինչ մեղքի բաժին ունի ձախողումներում, մյուս մասին էլ այդ ամենը ոչ պակաս հետաքրքիր է, բայց դրա մեջ քաղաքական հաշվեհարդարի գործիք է տեսնում, որ կարող է բանեցվել իշխանության ընդդիմախոսների դեմ կամ այլ նպատակներով:

Այն հանգամանքը, որ «քննիչ հանձնաժողովը» լինելու է ԱԺ հիմնական աշխատանքային մարմինը, արդեն իսկ կասկածի տեղ չի թողնում, որ 3 տարվա վաղեմության իրադարձությունների քննությունը հետապնդում է հիմնականում հենց քաղաքական նպատակ, որովհետև Ազգային ժողովը քաղաքական մարմին է: Մյուս կողմից էլ տարօրինակ է, որ այդ հանձնաժողովի նիստերը դռնփակ, այսինքն գաղտնի են լինելու: Տարօրինակ է, որովհետև հանրությունը սպասում է պատասխանների, իսկ նրան ասվում է, որ կարող են ի հայտ գալ հանգամանքներ կամ տեղեկություններ, որոնք «սովորական մահկանացուների» ականջների համար չեն: Ինչո՞ւ և ո՞ւմ համար է կատարվում այդ քննությունը, ինչո՞ւ հանձնաժողովում չկան հասարակության ներկայացուցիչներ: Եվ ընդհանրապես, ի՞նչ է պատրաստվում բացահայտել հանձնաժողովը, որ պետք է հասարակությունից գաղտնի պահել: Իհարկե, կարելի է դա բացատրել ԱԺ կանոնակարգով, բազմաթիվ այլ բացատրություններ էլ բերել, բայց բովանդակությունը դրանից չի փոխվի:

Եթե վաղը սկսվեն որոշակի պրոցեսներ, որտեղ մարդիկ մեղադրվեն ինչ-որ հոդվածներով, հասարակությունն այդպես էլ չի իմանա, թե ի՞նչ արարքի համար է կիրառվում այդ հոդվածը: Գուցե կարևորը ոչ թե կոնկրետ արարքի, այլ կոնկրետ մարդու դատապարտո՞ւմը կամ չեզոքացո՞ւմն է: Չմոռանանք, որ վարչապետ Փաշինյանը քննիչ հանձնաժողովի մասին ակնարկեց դատական համակարգի բարեփոխումների տրամաբանության մեջ և Հայաստանի ու Արցախի քաղաքական էլիտաների սրված հարաբերությունների համատեքստում:

foto
Author: Eduard Saribekyan