Foto

Սպասենք վեցերորդին

ՀՀ Ազգային  ժողովն արդեն մեկ տարի, արդեն հինգերորդ անգամ չի կարողանում Սահմանադրական դատարանի անդամ ընտրել: Վերջին անգամ պատգամավորների «հավատաքննությանն» էր ներկայացել Արթուր Վաղարշյանը, ով թեև դահլիճում գտնվող պատգամավորների մի մասի դասախոսն էր եղել, բայց նույնպես «չանցավ Ռուբիկոնը»: Վստահաբար այստեղ գործ ունենք պատգամավորական մեծամասնության տարիքային առանձնահատկությունների հետ և նրանցից շատերի մեջ դեռ նստած է նախկին դասախոսի նկատմամբ չարակամության «պատանեկան բարդույթը»: Նույնիսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը խոստովանեց, որ թեկնածուին ընդհատելու բարդույթ ունի: Հոգեբանները դեռ սրան գնահատական կտան, բայց առավել էական է խնդրի քաղաքական կողմը:

Ակնհայտ է, որ երկրի նախագահի և խորհրդարանի միջև լուռ հակամարտությունը շարունակվում է: Արմեն Սարգսյանը կարողանում է «պաուզա պահել» և այդ տակտիկական առավելությամբ ուղղակի ծիծաղելի դրությամն մեջ է դնում իր «երիտասարդ բարեկամներին»: Բարձր պրոֆեսիոնալների մեջ քաղաքականապես չեզոք թեկնածու հիմա Հայաստանում դժվար է գտնել և դրանցից մեկն անկասկած Արթուր Վաղարշյանն է: Այս առումով Արմեն Սարգսյանի ընտրությունը տեղին էր, բայց ահա թեկնածուի մասնագիտական սկզբունքայնությունն իր դեմ աշխատեց: Մասնավորապես «հավատաքննիչներին» շատ էր հետաքրքրում, թե ի՞նչ կարծիք ունի թեկնածուն վարչապետի հրահանգով քաղաքացիների կողմից դատարանները շրջափակելու և դրանց գործունեությունը կաթվածահար անելու վերաբերյալ:

Որպես սկզբունքային գիտնական և իրավաբան, Արթուր Վաղարշյանը չէր կարող կեղծել և երեկվա իր ուսանողների մոտ հայտարարել, թե շատ էլ լավ են արել: Նա դահլիճի պատգամավորների մեծ մասից լավ գիտի, որ ուսանողները գալիս-անցնում են, իշխանություններն էլ հավերժ չեն, իսկ մասնագիտական ու մարդկային արժանապատվությունը պարտավորեցնում է ասել, որ վարչապետի կոչն «օրենքի հետ խնդիր ունի»: Հասկանալի է, որ Սահմանադրական դատարանի անդամ դառնալը մեծ գայթակղություն է և «քվազիվեթինգի» պայմաններում կարելի էր նաև ասել, որ «այն չի կարելի համարել սահմանադրական կարգի տապալում», բայց մյուս կողմից էլ չէր կարող լսարանին չբացատրել, որ «օրենքը բոլորիս համար պետք է լինի հավասար, ժողովուրդը դատարաններն արգելափակելու իրավունք չունի» կամ «քաղաքացիները կարող էին մուտքերը չարգելափակել և փոխարենը հավաք անել, այդ դեպքում իրավաբանները չէին ահազանգի խախտման մասին»:

Հիմա ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է որևէ մեկը, Նիկոլ Փաշինյանի դատական իշխանության նկատմամբ ճնշում բանեցնելու կոչը «արդարացնել-ջրելուն» լծված 70 տոկոսանոց մեծամասնությամբ խորհրդարանում, հավանություն ստանալ, երբ դա անթաքույց համարում է «օրենքի հետ խնդիր ունեցող» քայլ: Չէ՞ որ ակնհայտ է՝ այսօր իշխանությունում մարդիկ են, ովքեր ժողովրդից ստացած վստահությունն ամեն հարմար առիթով ծառայեցնում են իրենց նեղ խմբային շահերին, նույն ժողովրդի անունից իրենց օրենքից վեր դասելով:

Այս ամենը վկայում է մի բան. Սահմանադրական դատարանի դատավոր կընտրվի միայն այնպիսի մեկը, ով պատրաստ է հայտարարել, որ Փաշինյանն անսխալական է, իսկ այս խորհրդարանն ամենաիմաստունը: Իսկ կարո՞ղ է նախագահ Սարգսյանն առաջադրել այպիսի մեկի թեկնածությունը:

Սպասենք վեցերորդին:

 

 

 

foto
Author: Eduard Saribekyan