Foto

Հայաստանն ու Փաշինյանը ԵԱՏՄ-ում չեն նույնացվում

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի Նուր Սուլթանում տեղի ունեցած այսօրվա նիստը մի քանի հարցադրումներ առաջացրեց և դրանցից ամենացայտունն այն է, թե ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունն ու նրա վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեն նույնացվում: Փաստարկնե՞ր, խնդրեմ. ընդամենը հինգ անդամ ունեցող կառույցի ղեկավարներից չորսը պարգևատրվում են Նազարբաևի հուշամեդալով, իսկ ահա հինգերորդը՝ ՀՀ վարչապետը, չի արժանանում այդ պարգևին, ընդամենը հինգ երկրների ղեկավարներից չորսի հետ ՌԴ ղեկավարը հանդիպել է առանձին ձևաչափով, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ոչ: Նման բարձր մակարդակի գագաթաժողովների օրակարգն ու արարողակարգը տեղում չի որոշվում, նույնիսկ «փողկապի գույնն» է նախօրոք համաձայնեցվում, և դժվար թե առանց լուրջ պատճառների նախապես համաձայնեցված միջոցառումները տեղում խմբագրվեին, եթե նույնքան լուրջ պատճառներ չլինեին:

Ամենայն հավանականությամբ մինչև «իրավիճակ փոխվելը» ԵԱՏՄ մասնակցության դեմ բողոքող Նիկոլ Փաշինյանին այդ կառույցի «հոգևոր հոր» համար բոլորովին էլ երկրորդական չէ, թե ով իր պիջակին կկրի Նազարբաևի անվան հուշամեդալը: Հայաստանն ամենուր ԵԱՏՄ և այլ տնտեսական միավորումների միջև կամուրջ դառնալու հայտ է ներկայացնում և դա օբյեկտիվ իրողություն է, սակայն Հայաստանի այս կառավարությանը կարծես ԵԱՏՄ-ում զրկում են այդ մանդատից, երբ նրա վարչապետի նկատմամբ «սելեկտիվ» վերաբերմունք են ցուցաբերում:

Որքան էլ մամուլի առջև Նիկոլ Փաշինյանը մեծարում է ԵԱՏՄ նշանակությունն ու հույսեր կապում նրա ընդլայնման հեռանկարների հետ, այդ կառույցում անընդհատ առիթը բաց չեն թողնում հիշեցնել, որ «ակումբում» միայն յուրայիններն են, իսկ Փաշինյանն այդտեղ է միայն «իրավիճակի փոփոխության» շնորհիվ: Հայաստանը «ակումբի» անդամ է, իսկ Փաշինյանը դեռ Հայաստանը չէ:

foto
Author: Eduard Saribekyan