Foto

«Թիվ մեկ» հիմնադրամի գաղտնիքը

Մամուլի ասուլիսի ժամանակ «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հետաքրքիր հայտարարություն կատարեց, ըստ որի իր համար հիմնադրամներին նվիրաբերվող գումարների ծագումն անձնապես համար կապ չունի,  հետաքրքիր էլ չէ, միևնույն է՝ դրանք ծառայելու են «ամենաբարի, ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին»: «Եթե պետբյուջեից գողացված միջոցներ են, ավելի լավ, որ փոխանցվում են ու ծառայեցվում են պետությանը և պետության քաղաքացիներին»,- մասնավորապես ասել է Աննա Հակոբյանը: Ի դեպ, Աննա Հակոբյանի ամուսինն օրնիբուն պայքարում է կոռուպցիայի դեմ (գոնե այդպես հայտարարում է):

Ավելի մեծ հակագովազդ վերոհիշյալ հիմնադրամների համար դժվար է մտածել: Աշխարհի տարբեր երկրներից ու հենց երկրի ներսում այդ հիմնադրամներին հսկայական գումարներ են նվիրաբերվում իսկապես բարի նպատակների համար, նվիրատուներն էլ հիմնականում բարի և հայրենասեր մարդիկ են: Ու հիմա պարզվում է, որ այդ հիմնադրամներում նաև «կեղտոտ» փողեր կարող են լինել: Ավելին, հիմնադրամի ղեկավարը չի բացառում դա, բայց վստահեցնում է, որ դրանք արդար կծախսվեն: Մի տեսակ փողերի լվացքատան հոտ չի՞ գալիս այս ամենից: Հանրապետության համար մեկ հակակոռուպցիոնիստի կոնջ հիմնադրամում նույնիսկ ամենաթույլ կասկածի դեպքում պետք է հրաժարվեին նման փողերից, որպեսզի ազնիվ բարերարները չխորշեին դրա հետ գործ ունենալ: Դա նաև մեր երկրի միջազգային ֆինանսական հեղինակության, ֆինանսական անվտանգության հարց է:

Սա ակամա հիշեցնում է «Զգուշացիր ավտոմեքենայից» հանրահայտ ֆիլմի այն դրվագը, երբ գլխավոր հերոս Դետոչկինը գողացված հերթական «Վոլգան» վաճառում է հոգևորականին:

Դետոչկին - Ինչո՞ւ են Ձեր բոլոր դրամանիշները մեկ ռուբլիանոց:

Հոգևորական - Իսկ ես հարցնո՞ւմ եմ, թե որտեղից Ձեզ այս մեքենան:

Նույն տրամաբանությամբ ստացվում է, որ ցանկացած մեկը կարող է (ենթադրենք պետբյուջեից) գողացած գումարների մի մասը բերել երկրի «թիվ մեկ» հիմնադրամ և անպատժելիության ինդուլգենցիա ստանալ: Մեր հիշողության մեջ դեռ թարմ են մեկ տարի առաջվա տեսարանները, երբ Երևանի քաղաքապետարանի շենքից պարկերով հանում ու ոստիկանական բեռնատարն էին բարձում «Երևան» հիմնադրամի փաստաթղթերը: