Foto

Նիկոլ Փաշինյան․ Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Սյունիքի մարզի Տաթև համայնք՝ մասնակցելու «Իմ քայլը» հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին:

Համաժողովի հիմնական նպատակը մարզերում գործարար միջավայրի զարգացումն է։

«Մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել մի այնպիսի երկիր, այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին և գիտեն, որ այդ գաղափարները կարելի է իրագործել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ Հայաստանում և ինչ շարունակում է տեղի ունենալ, ըստ էության, այս գաղափարի իրագործումն է», - իր ելույթում ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց՝ Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա։

«Տնտեսական զարգացումն առաջին հերթին հենվում է հենց անհատների վրա, իհարկե շատ կարևոր են խոշոր ներդրողները, խոշոր կորպորացիաների մուտքը Հայաստան, բայց իմ խորին համոզմամբ՝ այդ խոշոր ներդրողներն առաջին հերթին գնում են տաղանդավոր մարդկանց հետևից, և մեր խնդիրն է ցույց տալ, որ Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, որոնք կարող են ոչ միայն իրենց երազանքներն իրականացնել, այլև միջավայր ստեղծել ուրիշների երազանքների համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։