Foto

Նիկոլ Փաշինյան․Կրոնի նկատմամբ մարդու ազատությունն ամենակարևոր ազատություններից մեկն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովի բացմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում և Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոս Դաուման, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և այլք:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Պետք է արձանագրել, որ կրոնի ազատությունն ամենակարևոր ազատություններից մեկն է, որովհետև ես գոնե համոզված եմ, որ մարդն Աստծուն հավատալով առաջին հերթին հավատում է ինքն իրեն: Հետևաբար, կրոնի ազատությունը, Աստծուն հավատալու ազատությունը, իմ պատկերացմամբ, առաջին հերթին ամեն մարդու ինքն իրեն հավատալու ազատությունն է: Իհարկե, ժամանակակից աշխարհում և դրանից առաջ էլ կան մարդիկ, ովքեր իրենք իրենց հավատում են, ընդհակառակը, Աստծուն չհավատալով: Բայց միևնույնն է, այս պարագայում էլ մարդն ինքն իրեն հավատալու գործընթացում առանցքային դերակատար է դարձնում մարդուն: Սա չափազանց կարևոր է: Նկատի ունեմ, որ կրոնի ազատությունը, իհարկե, մարդու ազատությունն է: Կրոնի նկատմամբ մարդու ազատությունն ամենակարևոր ազատություններից մեկն է, և դա առնչվում է ուղիղ այն բոլոր արժեքների հետ, որոնք համընդհանուր կերպով այսօր ճանաչված են մարդկության կողմից՝ լինի դա ժողովրդավարությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքները, ազատությունները, արդարությունը և այդպես շարունակ:

Այս առումով, ուրախ եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որն իսկապես հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի, խղճի ազատությանը: Նոր Հայաստանն առավել ևս, լիարժեք հավատարիմ է այս արժեքներին: Կարծում եմ՝ այն, որ այսօր Հայաստանի ազգային և տվյալ համատեքստում կրոնական փոքրամասնություններն իրենց զգում են լիարժեք, դա իմ ասածի կարևորագույն ապացույցներից մեկն է: Ուզում եմ ասել, որ մեզ համար սա սկզբունքային հարց է, որ ազգային կրոնական փոքրամասնությունները Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորված լինեն, իրենց զգան լիարժեք, իրենց ինքնությունը պահպանելու, զարգացնելու և իրենց ինքնությամբ հպարտանալու հնարավորություն պետք է ունենան:

Մանրամասները՝ տեսանյութում