Foto

Հայկ Մարության․ Ամեն օր պարոն Մեսչյանի հետ քննարկում ենք տարբեր հարցեր

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու այսօրվա նիստում անդրադարձավ կառուցապատման խնդիրներին: «Ամեն օր պարոն Մեսչյանի հետ քննարկում ենք տարբեր հարցեր: Ամեն անգամ այդ խնդիրը, որ առաջանում է ինձ մոտ, գալիս են մարդիկ, ուզում են հողի ընդլայնում: Օրենքն ասում է՝ հողի ընդլայնման ժամանակ կադաստրային գնով պետք է տանք: Ես ասում եմ՝ բայց ինչո՞ւ, կադաստրային գինը 5-10 անգամ կարող է շուկայական գնից տարբերվել: Ինչո՞ւ պետք է քաղաքապետը ստորագրի մի փաստաթուղթ, որով ձեռնարկատերը օրենքի պահանջով կարող է ունենալ 10 անգամ ավելի էժան համայնքային հող: Եվ ամեն անգամ մեզ մոտ հարց է առաջանում՝ ի՞նչ անենք: Ես ասում եմ՝ մի ձև գտեք, որ գոնե դնենք աճուրդի: Բայց շատ հաճախ օրենքի նորմերը թույլ չեն տալիս այդ տարածքը հանել աճուրդի»,- ասաց նա:

Քաղաքապետն անդրադարձավ նաև ինքնակամ կառույցներին: Ասաց, որ ամեն օր մեծ թվով մարդիկ են դիմում իրենց, որպեսզի օրինականացնեն ինքնակամ կառույցները: «Խայտառակություն: Եվ մենք ամեն կերպ ուզում ենք խանգարել դրան, որովհետև դա խայտառակություն է, որ օրինականացվի: Բայց օրենքում կետ էլ չկա, որ իրեն մերժենք: Մեկ-մեկ ասում եք՝ ինչո՞ւ են այսպիսի պատասխաններ գնում քաղաքացուն, որովհետև չես հասկանում՝ այդ մարդուն ասես՝ այո, թե ոչ: Եթե ասես այո, կողքի հարևանությունը կասի՝ դուք ինչով եք մտածում, եթե ասես՝ ոչ, օրենքին կհակասես: Այն թվերին ընդունված չարաբաստիկ որոշումը, այդպես էր հարմար այն իշխանությանը: Ասում եք՝ ո՞նց են գոյացել արտադրական տարածքում բնակավայրերը, հենց այդպես: Այսօր էլ գալիս ու ասում են՝ օրինականացրու, եղբայր»,- նշեց Հայկ Մարությանը:
Նա Երևանի ավագանու անդամներին կոչ արեց ակտիվ լինել օրենքների նախագծներ ներկայացնելու հարցում, որպեսզի խնդիրներին լուծում տրվի: