Foto

Վեթի՛նգ, վեթի՛նգ, հո՛ւ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական համակարգի բարեփոխումների նվիրաբերյալ վերջին հայտարարությունից հետո մեր քաղաքական բառապաշար մտավ «վեթինգ» տերմինը:

Վարչապետը դատարանների տոտալ շրջափակման պայմաններում հայտարարեց, որ «դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար: …Նախկին կոռումպացված համակարգի մնացուկ է,  որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում և իրագործվում ժողովրդի դեմ»:

Առաջին հայացքից միանգամայն հեղափոխական հայտարարություն է, սակայն իրավունքի տեսակետից տարօրինակ, երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան, որ իր խոսքով «ունի քաղաքական իրավունք՝ խոսել ժողովրդի, Հայաստանում իշխանության բարձրագույն կրողի անունից», իր սուպերվարչապետական լիազորությունների սահմաններում չի ցանկանում լուծել խնդիրը և դիմում է ճնշումների:  Հեղափոխությունից հետո, շուրջ մեկ տարի անց, դատական իշխանության նկատմամբ անվստահության մասին խոսելիս և դատավորների նկատմամբ վեթինգ կիրառելու մասին հայտարարելուց առաջ վարչապետը պատկերացնու՞մ էր, որ դատական համակարգի նկատմամբ իր գնահատականում կոնկրետ մեղադրանքներ է հնչեցնում, որոնք ուղղակիորեն քննչական, հարկային և գուցե ազգային անվտանգության մարմինների ուսումնասիրման առարկա պետք է դառնան: Գուցե Փաշինյանը չի դիմում իր տիրապետության տակ եղած լծակներին, որպեսզի չմեղադրվի սուպերվարչապետությա՞ն մեջ, բայց արդեն մեկ տարի է, երկրում օրենքը հայտարարվել է բացարձակ իշխանություն և ամեն ինչ պետք է արվի օրենքի սահմաններում:

Կհարցնեք՝ ի՞նչ տարբերություն վեթինգի և քննչական գործողությհունների մեջ: Վեթինգը ոչ այլ ինչ է, քան որևէ անձի կենսագրական տվյալների ստուգման գործընթաց, ինչը նախորդում է անձին աշխատանք առաջարկելուն, մրցանակ շնորհելուն կամ նրա նկատմամբ որոշում կայացնելուն։ Տեղեկություններ հավաքելու հետ մեկտեղ ստուգվում են անձանց ակտիվներն ու եկամուտները՝ որոշելու համար դրանց օրինականությունը։ Դրա համար պետք է ստեղծվի համապատասխան հանձնաժողով, որը կստուգի տվյալ դեպքում դատավորներին: Աչքի առաջ ունենալով կառավարության կադրային քաղաքականությունը, տոտալ էյֆորիայի պարագայում երկու խոշորագույն ընտրությունների արդյունքները, երբ Երևանի ավագանիում ու Ազգային ժողովում իշխող ուժն ունի ճնշող մեծամասնություն, կարելի՞ է հավաստել, որ այդ հանձնաժողովն անաչառ կլինի: Նույնիսկ ինքը, վարչապետը չի կարողանում այսօր երաշխավորել իր կադրերի անաչառությունն ու անկաշառությունը: Մյուս կողմից. ո՞վ պետք է ձևավորի այդ հանձնաժողովը, կառավարությո՞ւնը, թե՞ խորհրդարանը: Բայց երկուսի դեպքում էլ դա հնարավոր չէ, որովհետև ըստ սահմանադրության դատական իշխանությունը գործում է գործադիր և օրենսդիր իշխանություններից անկախ, իսկ այս դեպքում դատավորներն ուղղակի կախված կլինեն իրենց «հավատաքննող» հանձնաժողովի «կնքահորից» (ՍԴ անդամի ընտրությությունը վկա): Հերթական անգամ հոնքն ուղղելու փոխարեն աչքն ենք հանում, միայն թե ցույց տանք, թե ինչ ուժեղ տղա ենք մենք, որքան մեծ է ժողովրդի անունից խոսելու քաղաքական իրավունքի պաշարը կամ գուցե պատրա՞նքը:

Դատավորների ունեցվածքի օրինականության, նրանց կայացրած որոշումների օրինականության և հանցավոր կապերը բացահայտելու համար պետությունը պատշաճ լծակներ և ինստիտուտներ ունի: Գուցե վարչապետը չի գործադրում դրանք, որովհետև դրա՞նց էլ չի վստահում: Չէ՞ որ դատարանն իր որոշումը կայացնում է նախաքննության տվյալների հիման վրա և մեղադրանքի դատախազական հսկողության և պաշտպանական կողմի մրցակցայնության պայմաններում: Քննչական մարմիններում և դատախազությունում ամեն ինչ կարգի՞ն է, նրանք վայելո՞ւմ են հանրության վստահությունը:

 

 

foto
Author: Eduard Saribekyan