Foto

Համագործակցությունն ամրապնդվել է հուշագրով

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի և տեղեկատվության ոլորտներն ընդգրկող ենթահանձնաժողովի ղեկավար Վահագն Թևոսյանը և «ԻՖԿԱ. Հայաստանի անկախ կինոգործիչների համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Սաթիկ Ստեփանյանը մայիսի 15-ին Համագործակցության հուշագիր են ստորագրել:
Կազմակերպությունը, որի կազմում կինոարտադրությամբ զբաղվող տարբեր ընկերությունների անդամներ են, գործունեություն է ծավալում շուրջ երկու տարի, զբաղվում է ոլորտի խնդիրներով, նաև՝ շնորհալի երիտասարդների առաջխաղացման համար տարբեր ծրագրերի իրականացմամբ:
Վահագն Թևոսյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին Հայաստանում կինոարտադրության զարգացումը, պայմանավորված տարբեր հանգամանքներով, կաղում է և հուշագրի ստորագրումն ու համագործակցության նման հարթակի ձևավորումը կարող են բարերար ազդեցություն ունենալ բնագավառի վրա: Նա ընդգծել է, որ հանձնաժողովը բաց և պատրաստակամ է ոլորտային տարաբնույթ խնդիրների քննարկման համար:
Խոսելով հուշագրի նպատակների մասին՝ Սաթիկ Ստեփանյանը կարծիք է հայտնել, որ խորհրդարանական հանձնաժողովի հետ համագործակցությունը կարող է նպաստել ոլորտում առկա խնդիրների լուծմանն ու առողջ մթնոլորտի ձևավորմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մշակման փուլում գտնվող «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի կապակցությամբ, ինչպես տեղեկացրել է Սաթիկ Ստեփանյանը, այժմ խորհրդատվություն են իրականացնում եվրոպացի մասնագետներ: