Foto

Ոստիկաններն «անվտանգության նկատառումներից ելնելով» թույլ չեն տալիս Գասպարիին մտնել դատարան

Ոստիկանները, ինչպես իրենք են հայտարարում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, թույլ չեն տալիս ակտիվիստ Վարդգես Գասպարիին մտնել դատարան և ներկա գտնվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը։
«Իրանք հորդորում են, քանի որ չեն կարող իմ անվտանգություն ապահովել, չմտնել դատարան։ Շատ տխուր է, որ ոստիկանությունը քրեական տարրերից չի կարողանում պաշտպանել քաղաքացուն և ինքը հորդորում է, որ ոչ թե քրեական հանցագործներին կանխի, այլ փորձում է քաղաքացուն հեռու պահի քրեականներից։ Սա նշանակում է, որ Քոչարյանի քրեական կողմնակիցները որքան ուժեղ են իրականում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գասպարին՝ նշելով, որ ամեն դեպքում փորձելու է մտնել և ներկա լինել նիստին։
Մայիսի 13-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստի ժամանակ դատարանի մոտ պարբերաբար քաշքշուկ և վիճաբանություն էր տեղի ունենում: Իրավիճակը լարվեց, երբ պաստառով դատարան եկավ Վարդգես Գասպարին: Քոչարյանի աջակիցները պահանջեցին դուրս հրավիրել Գասպարիին, ապա հարձակվեցին և խլեցին նրա պաստառը: Քաղաքացիական ակտիվիստը պնդում է, որ շշով հարվածել են իր դեմքին:
Դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ: