Foto

Պետական բյուջեից ուռուցքային հիվանդությունների բուժմանը կհատկացվի լրացուցիչ 1 մլրդ 200 մլն դրամ

ՀՀ պետական բյուջեից ուռուցքաբանությանը տրվող գումարները մյուս տարի կավելանան լրացուցիչ 1 մլրդ 200 մլն դրամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դիտարկմանը, թե Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն ու Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը գտնվում են շատ վատ վիճակում, որոշ դեպքերում չեն գործում քիմիաթերապիայի` անվճար սպասարկման ենթակա ծառայությունները:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե վերջին շրջանում ինչով է պայմանավորված քաղցկեղի երիտասարդացումը:

«Հայաստանում առողջապահության վրա ծախսվում է կատաստրոֆիկ քիչ գումար՝ ՀՆԱ-ից 1.3 տոկոս: Եվ մենք աշխարհում վատագույն տասնյակում ենք: Դա շտկելու ուղղությամբ ավելացնում ենք թե առողջապահական պետական բյուջեն, թե մասնավորապես ուռուցքաբանությանը տրվող գումարները. այս տարի 700 մլն դրամով  է ավելացվել: Մյուս տարի կավելացվի առնվազն 1 մլրդ 700 մլն-ով»,-ասաց Թորոսյանը:

Նախարարի կարծիքով՝ իրավիճակը գնալով լավանում է, համավճարները ուռուցքային հիվանդությունների վիրահատություններից հանվել են: