Foto

Քաղաքական թի՞մն էլ է այդպես մտածում

Լրատվամիջոցները հայտնում են, որ հայր և որդի ջուլֆալակյանները հայտնվել են սկանդալային պատմության մեջ: Ավելի կոնկրետ՝ մայիսի 5-ին Պուշկինի փողոցի 60 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ ինչ-որ խնդիրների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել 63-ամյա քաղաքացի Ս. Մխիթարյանի և Երևան քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Արսեն Ջուլֆալակյանի և 55-ամյա Լևոն Ջուլֆալակյանի միջև, որի ժամանակ, ըստ Ս. Մխիթարյանի հայտարարության, վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն։

Այո, ճիշտ կռահեցիք՝ խոսքը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի և նրա հոր մասին է: Թե միջադեպի մեղավորն ո՞վ է, ի՞նչ հանգամանքներում է այն տեղի ունեցել, ոստիկանությունը կպարզի, գործի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ինքը՝ պատգամավորը, բոլորովին այլ կերպ է ներկայացնում եղելությունը, ասում է, որ իրենք չեն հարվածել, որ ինքը դեմ է բռնությանը: Հետաքրքրակաան է սակայն մի հանգամանք՝ ի՞նչ պետք է արած լիներ 63-ամյա քաղաքացին, ի՞նչ աստիճանի վտանգ պետք է իրենից ներկայացրած լիներ հանրաճանաչ սպորտսմենների համար, որ վերջիններս դիմեին ուժի կիրառման, ոստիկանություն հայտնելու կամ վեճը խաղաղությամբ հարթելու փոխարեն: Մյուս կողմից էլ պարզվում է, որ ընդհանուր սեփականությամբ սրճարան ունեցող պատգամավորը անձամբ է համասեփականատիրոջ հետ գործնական հարցեր քննարկում (Ծառուկյանի ականջը կանչի):

Ինչպես կասեր «դասականը», եթե դա արած լիներ սովորական «աղքատությունը գլխից չհանած կամ նախկին կոռումպացված համակարգի մանցորդ» քաղաքացիներից մեկը, դեռ կարելի էր հասկանալ: Բայց խոսքը օրենսդիր պատգամավոր, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցչի մասին է: Ով-ով, բայց նա պետք է իմացած լիներ, որ երկրում արդեն մեկ տարի է, օրենքի գերիշխանություն է, պետական բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն նախկինը չեն, պատգամավորները բիզնեսմեններ չեն:

Չի բացառվում, որ կողմերը հաշտվեն, օրենքի տեսանկյունից ոչ մի պատասխանատվություն էլ չլինի: Բայց ինձ այլ բան է անհանգստացնում. ֆեյսբուքյան մի օգտատեր այդ լուրի տակ գրառում էր թողել. «Ուրեմն տեղին են ծեծել, եթե իրանք են»: Քաղաքական թի՞մն էլ է այդպես մտածում: 

 

foto
Author: Eduard Saribekyan