Foto

Իսկ որքան գեղեցիկ էր ամեն ինչ սկսվում

Հետաքրքիր բաներ են կատարվում  նոր Հայաստանում, որ առաջին հայացքից այնքան էլ կարևոր չեն, բայց իրականում անտեսելն էլ դառնում է վտանգավոր:

Երբ պետական բարձրաստիճան մի պաշտոնյան հրաժարվում է հանրությանը տեղեկացնել իր ունեցվածքի ծագման մասին՝ բերելով ծիծաղաշարջ պատճառաբանություններ, երբ մեկ այլ պաշտոնյա հրաժարվում է լրատվամիջոցների հարցերին պատասխանել, եթե իրեն նկարում են հեռախոսի տեսախցիկով, երբ մի երրորդը մայրաքաղաքի փողոցներում երթևեկում է ընկերոջ թանկարժեք մեքենայով և բոլորն էլ միևնույն՝ իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչներն են, ապա դա փաստում է, որ հեղափոխությունից հետո արժեհամակարգային փոփոխություն չի եղել: Նախկինի պես ինքնահաստատման միջոցները շարունակում են լինել գույքային ուրույնությունը, անքննադատելիությունն ու իշխանական թիմի անդամությունը: Իսկ որքան գեղեցիկ էր ամեն ինչ սկսվում՝ վարչապետը ոտքով էր գնում աշխատանքի, նախարարը՝ մետրոյով, ընդմիջումները՝ ընդհանուր ճաշարաններում, դե իսկ թիկնապահը միայն ուսապարկի համար էր:

Շատ շուտ պարզվեց, որ այդ մանր ձևականությունները խիստ ժամանակավոր էին, խոստումները՝ միայն ընտրություններին ընդառաջ, համաներումը՝ միայն «կոյկա» ազատելու, իսկ օրենքները միայն դրանց թիկունքում պատսպարվելու համար: Հիմա ո՞վ է համարձակվում բողոքել աստղաբաշխական պարգևավճարների դեմ, դրա համար օրե՛նք կա, ո՞վ կարող է մեկի հասցեին թթու խոսք ասել կամ մեղադրել, դրա համար էլ անմեղության կանխավարկածը՛ կա: Եթե փակում ես Ամուլսարի ճանապարհը, կարելի է, եթե նույն բանը անում ես համայնքապետիդ դեմ, էլի ոչինչ, բայց եթե դժգոհ ես աղբահանությունից, ապա դիմիր օրենքով սահմանված կարգով՝ չմոռանալով, այնուամենայնիվ, վճարել չստացած ծառայության դիմաց: Եթե ՊՎԾ պետ ես եղել ու հիմա մեղադրվում ես կոռուպցիայի մեջ, ապա կարող ես ստորագրությամբ ազատության մեջ մնալ, իսկ եթե նախկին նախագահ ես՝ նույնիսկ հետաքննության ավարտից հետո էլ պետք է մնաս կալանքի տակ: Մյուս կողմից էլ, եթե մեկ այլ նախկին նախագահ ես, բայց քո գործողություններով կամ անգործությամբ չես կանխել տասնյակ զոհերը, որովհետև համարել ես, որ տանից դուրս գալը վտանգավոր է անձիդ համար, ապա փույթ չէ, կարող ես հանգիստ շարունակել մեմուարներ գրել, թե ինչպես գործարանը մետաղի ջարդոնի գնով վաճառել ու մանլ անպատիժ:

Վտանգավորն այն է, որ քաղաքացին  շատ արագ համակերպվեց իրավիճակին: Այն քաղաքացին, որ պատրաստ էր օրերով փողոց փակել ու մերժել նախկին կուռքը, շատ արագ վերծավեց նոր կուռքի աղանդավորի, միայն մի տարբերությամբ՝ ետ կանգնել չի կարող, որովհետև դրա համար «քայլ է արել»: Ոչինչ, դա՛ էլ ժամանակավոր է:

foto
Author: Eduard Saribekyan