Foto

ՀՀ կառավարությունն անուղղակի խրախուսեց Թուրքիայի տնտեսությունում հայաստանյան ներդրումը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է մաքսային արտոնություն է տրամադրել «Ալեքս տեքստիլ» ընկերությանը։ Ըստ այդմ՝ նախկին օլիգարխ, իսկ հիմա արդեն «սեփականատեր գործարարի» ընկերությունը տեքստիլ ոլորտում ներդրումների նպատակով ավելի քան 14 միլիարդ դրամի ապրանք է ներմուծում Թուրքիայից և մի քիչ էլ Չինաստանից, և դրա համար կառավարությունը նրան մաքսային արտոնություն է տրամադրել: Հետաքրքիր է, որ որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին»:

Սամվել Ալեքսանյանը ժամանակին ՀՀԿ խմբակցության անդամ էր, որը կողմ քվեարկեց ԵԱՏՄ-ին միանալու համաձայնագրին: Այն ժամանակ գործարար պատգամավորը գիտե՞ր արդյոք, որ ուշ թե շուտ գալու է մի օր, որ իր բիզնեսի համար ստիպված է լինելու հրաժարվել այդ տնտեսական տարածքի ապրանքներից: Հավանաբար այո, որովհետև նա միշտ օրվա իշխանությունների հովանավորյալն է և երբևէ մաքսային արտոնությունների խնդիր չի ունեցել: Այս իշխանությունն էլ, որ դեռ 2 օր առաջ հյուրընկալել էր ԵԱՏՄ պետությունների վարչապետներին և քննարկում էր այդ կառուցի զարգացման օրակարգը, բացառություն չէ:

Թեև Հայաստանում այսօր ընդունված չէ խոսել օլիգարխիայի մասին, որովհետև ըստ պաշտոնական տեսակետի այն, որպես դասակարգ, գոյություն չունի, բայց փաստացի շարունակում է տնտեսական արտոնություններից օգտվել ու մեծացնել իր ներկայությունը: Երբ հիմնվում էր «Ալեքս տեքստիլը», հիմնական առավելություն համարվում էր այն, որ Հայաստանը վերջապես կդադարի Թուրքիայից տեքտիլ ներմուծել և կունենա սեփական արտադրանքը, չի հարստացնի մեր թշնամի պետությանը, երկրում տեղում նոր աշխատատեղեր կստեղծի: Բայց ահա Սամվել Ալեքսանյանի կողմից Թուրքիայի տնտեսությունում միլիարդների ներդրում է կատարվում և դա կառավարության կողմից փաստացի խրախուսվում է:



foto
Author: Eduard Saribekyan