Foto

Քաղաքացու օրն առանց «կողքի դասարանցիների»

Հայաստանում առաջին անգամ նշվեց քաղաքացու օրը: Ինչպե՞ս նշվեց, որտե՞ղ, ի՞նչ միջոցներով՝ ամենևին էական չէ: Էականն այն է, թե ի՞նչ տվեց այն Հայաստանի քաղաքացուն: Այդ օրվա հիմնական սուբյեկտը քաղաքացին է իր քաղաքացիական կեցվածքով ու մտածելակերպով, այդ քաղաքացու համար ամեն օր տոն է, երբ իմանում է իր հարևանի, բարեկամի, անծանոթ մեկի քաղաքացիակն խիզախության, սկզբունքայնության հաղթանակի մասին: Ես երբևիցե չեմ վիճարկել այդ օրը տոն հռչակելու գաղափարը, բայց միշտ մտածել եմ՝ ի՞նչ բովանդակություն դնել մեջը, ի՞նչ պակաս բան կա, որ կարելի է հենց այդ օրը լրացնել, տեղը դնել:

Արդեն մեկ տարի է՝ երկրիը բաժանված է «սևի ու սպիտակի», իշխանության եկած նորերը և հեռացած նախկինները անտագոնիստական մրցակցության մեջ են, միմյանց նկատմամբ ցանկացած քննադատություն ընկալելով որպես վիրավորանք, մեղադրանք: Անկեղծ ասած սպասում էի, որ առաջին անգամ նշվող քաղաքացու օրը նորերն ու նախկինները Մաշտոցի պողոտայում միասին էին խորոված ճաշակելու, «օգտվելով բարենպաստ եղանակից», և դրա նախաձեռնողը տոնի հեղինակներն են լինելու:

Ցավոք դա չեղավ, չկատարվեց հասարակական հաշտեցման, երկրի բնակչին իրեն մեկ ընդհանուր հանրույթի մասնիկ զգալու առաջին ու ամենակարևոր քայլը: Ավելին, մարդկանց մի խմբի կողմից խորոված փարթի և հրավառություն կազմակերպելը մյուս խմբի քամահրական գնահատականների ներքո ավարտին հասցրեց հասարակության վերջնական երկփեղկումը «մերոնքականների և ձերոնքականների»: Եթե մինչև հիմա մարդկանց մի խումբ ամեն կերպ փորձում էր մյուսին համոզել, որ իրենք «սև չեն» լոկ այն բանի համար, որ համաձայն չեն մյուս խմբի կարծիքին, հիմա հաշտվեցին այդ մտքին և ատամները սեղմած տեղավորվեցին այդ խոռոչում, որովհետև «սպիտակները» նրանց շանս չտվեցին: Չտվեցին, որովհետև նախկին շրջանավարտների ամենամյա հանդիպումների սցենարով կազմակերպված խրախճանքին «կողքի դասարանից» մարդ պետք է չլինի: Ահա թե ինչու էին շատերը պնդում, որ դեռ վաղ է քաղաքացու օրվա մասին խոսել, դեռ պետք է կերտել, դաստիարակել այդ քաղաքացուն, որ վաղն էլ «կողքի դասարանը» նույնը չանի:  

Եթե այս տոնի հեղինակը լիներ ինքը՝ քաղաքացին, պատասխանը կփնտրեի քաղքացիական հատվածում, բայց քանի որ դա (տոն հռչակելը) կատարվեց «վերևից», պատասխանը հենց այնտեղ էլ փնտրում եմ:

 

foto
Author: Eduard Saribekyan