Foto

Ռուսաստանն ու Հայաստանը պլանավորում են մինչև 2030 թվականի համար համաձայնեցնել գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը

Ռուսաստանն ու Հայաստանը պլանավորում են համաձայնեցնել գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը մինչև 2030 թվականի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍ գործակալությունը, այս մասին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Երևան այցին ընդառաջ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն:

«Մեր երկրները լուրջ ուշադրություն են դարձնում համագործակցությանը գազային ոլորտում: Մշակվում են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային թեմաները: Օրինակ, պայմանավորվածություն կա մինչև 2030 թվականի համար համաձայնեցնել գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմայի նախագիծը»,- ասել է նա:

ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև Գազի առք ու վաճառքի մասին պայմանագրի ժամկետն ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Այդ պահին գործում է «Գազպրոմ էքսպորտ»-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև լրացուցիչ համաձայնագիրը, որին համապատասխան որոշվում է Հայաստանի համար գազի սակագինը 2019 թվականին: