Foto

Տնտեսական մերձեցում և բիզնես հնարավորություններ համաժողովին ՀՀ մասնակցության վերաբերյալ

Պրահայում, որտեղ 2009թ. տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության անդրանիկ վեհաժողովը, Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից կազմակերպվեց Արևելյան գործընկերության 10 տարի. տնտեսական մերձեցում և բիզնես հնարավորություններ (10 Years of Eastern Partnership: Economic Convergence and Business Opportunities) բարձրաստիճան համաժողովը, որի բացումը կատարեց Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը (Andrej Babiš)։

Համաժողովին մասնակցում էին Եվրոպական Միության, Չեխիայի, Արևելյան գործընկերության մասնակից երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, բիզնես միջավայրի, բանկային ոլորտի և գիտական շրջանակների ներկայացուցիչներ։ ՀՀ պատվիրակությունը համաժողովին գլխավորում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, քննարկումներին և հանդիպումներին մասնակցում էր Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Պլենար նիստերին և Հայաստանի տնտեսական հնարավորություններին նվիրված հատուկ նստաշրջանում իր ելույթներում Մանե Ադամյանը ներկայացրեց վերջին ժամանակաշրջանում ձեռք բերված առաջընթացը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործմանն ուղղված ընթացիկ աշխատանքները, ՀՀ տնտեսական բարեփոխումների և ներդրումային միջավայրի բարելավման օրակարգը, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի զարգացման հնարավորությունները։ Փոխնախարարը պատասխանեց նաև մասնակիցների և ՀՀ-ում ներդրումներ կատարելու հնարավորություններով հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչների հարցերին: 

Համաժողովի շրջանակներում կայացավ նաև ՀՀ պատվիրակության երկկողմ հանդիպումը Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Յիրժի Հավլիչեկի (Jiří Havlíček) հետ, որի ընթացքում քննարկվեցին հայ-չեխական տնտեսական համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր: