Foto

Քննարկվել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ 5-րց մասի կիրարկման ճանապարհային քարտեզի նախագիծը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ապրիլի 18-ին կայացել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) 5-րդ մասի տրանսպորտին և էներգետիկային վերաբերող հատվածների կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումը։

Կառավարության կողմից քննարկմանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը և կառավարության այլ ներկայացուցիչներ։ Նիստին ներկա էին քաղաքացիական հասարակության ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, քննարկումը ծավալվել է ՀԸԳՀ մաս 5-ի («Համագործակցությանն առնչվող այլ քաղաքականությունները») «Տրանսպորտ» և «Էներգետիկ համագործակցությունը՝ ներառյալ միջուկային անվտանգությունը» գլուխների շուրջ, որոնց դրույթների կիրարկման ուղղությամբ իրականացվելիք քայլերը, այդ թվում՝ օրենսդրական մոտարկման ծրագրերը, ներկայացվել են կառավարության՝ համապատասխան ոլորտները համակարգող անդամների կողմից։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին բարձրաձայնել են իրենց հուզող հարցադրումները։

Նիստի ավարտին վերահաստատվել է երկու կողմերի՝ նման ձևաչափով քննարկումները հետագայում ևս շարունակելու պատրաստակամությունը։