Foto

Կարծիքը՝ հեչ, ռեմոնտը՝ մեջ

Կառավարությունն առանց քննարկման հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի նստավայրի վերանորոգման համար մոտ 63 մլն հատկացնելու որոշմանը: Մեծ բան չէ, ընդամենը մի 130 հազար դոլար, բայց պարզվում է այս «առաջնահերթ խնդրի» համար պետբյուջեով գումար նախատեսված չէ և անհրաժեշտ միջոցները «քերվելու» են «հանրային կարծիքի ուսումնասիրության, կառավարության գործունեության գնահատականների՝ կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտությունների, վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման, ծառայությունների, ծրագրերի համակարգման, վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության միջոցառումների ծրագրերի» համար բյուջեյով հատկացված գումարներից:

Զարմանալի չէ, որ ՀՀ վարչապետի նստավայրում կոմֆորտը գերադասելի է հանրային կարծիքի ուսումնասիրությունից: Այդ կարծիքը վաղուց «ուսումնասիրված» և արտացոլված է Երևանի քաղաքապետի ավելի քան 80 և ԱԺ մեծամասնության ավելի քան 70 տոկոսում: Առաջիկա հինգը տարվա համար լիուլի բավական է, հեղափոխությունը սոցիոլոգիայի կարիք չունի: Մյուս կողմից էլ հասկանալի է. ինչո՞ւ գումարներ ծախսել մի բանի համար, որի մասին սոցիալական ցանցերը բղավում են ամեն վայրկյան՝ աղբահանությա՞ն մասին տեղյակ չեն կատավարությունում, թե՞ չգիտեն ինչ է կատարվում կրթության, սոցիալական ապահովության, մշակույթի կամ առողջապահության ոլորտներում:

Կառավարությանը հետաքրքիր չէ նաև, թե ինչպես է գնահատվում իր գործունեությունը, որովհետև դրա համար թվեր չկան, իսկ ԱԺ սեփական մեծամասնությունը մի գնահատական ունի և դա է կարևորը: Ի՞նչ փույթ, թե կյանքի որակն ու համայնքային խնդիրները հետազոտման ու գնահատման կարիք ունեն: Վարչապետը դրա էժան ձևերը գիտի՝ «անակնկալ» կգնա այս կամ այն գերատեսչություն, ոնց էլ չպատահի, «մի դրոշի» խնդիր կգտնի, մի քանի հոգու աշխատանքից կազատի ու վերջ: Համայնքներն էլ ի՞նչ, ինքնուրույն ինքնակառավարվում են, եթե գյուղապետը մեկի «հավին քշա ասի», ճամփա կփակեն, ԱԱԾ կբերեն (Դավիթ Սանասարյանը ներառված է) ու հարցը կլուծեն:

Մի քիչ դժվար է լինելու վարչապետի «լիազորությունների իրականացման ապահովման» մասով, բայց ոչինչ, ժողովուրդն արդեն «ըմբռնումով է մոտենում» դրանց անսահմանափակությանը, մի կերպ կդիմանա:

 

 



foto
Author: Eduard Saribekyan