Foto

Մեծամասնության պերճանքն ու թշվառությունը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության օրինագիծը: Եթե մոլորակի վրա կա մի մարդ, ով կասկածում էր, թե օրինագիծը չի անցնի, ապա նրան պետք է փնտրել կա՛մ հատուկ բժշկական հաստատություններում, կա՛մ երդվյալ ռոմանտիկների մենախցում:

Ինչո՞ւ:

Դեռևս կառավարության ծրագրի քննարկումներից պարզ էր, որ խորհրդարանում գրեթե 70 տոկոսանոց մեծամասնություն ունեցող կառավարությունը կարող էր նույնիսկ սպիտակ թուղթ դնել սեղանին և այն հավանություն կստանար: «Իմ քայլի» պատգամավորներից ոչ մեկին չի հետաքրքրել, չի հետաքրքրում և չի էլ հետաքրքրելու, թե ինչո՞ւ կառավարության ծրագրում չկային հստակ ուղենիշներ, թվային մեծություններ, ինչո՞ւ էր ընդդիմությունը փրփուրը բերանին բողոքում այդ «ազատ թեմայով շարադրության դեմ», որովհետև իրենք մեծամասնություն են, գործնականում անհաղթահարելի և այդ պատճառով նույնքան ամբարտավան:

Այս քվեարկության նախերգանքը ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունն է, երբ Գոռ Հովհաննիսյանին «ասեցին նիխտ» միայն այն պատճառով, որ իբր փաստաթղթերը կարգին չէին: Ուղղակի հիշեցնենք, որ թեկնածուի փաստաթղթերը ստուգելու իրավասությունը նրան առաջադրող ՀՀ նախագահինն է, իսկ խորհրդարանը՝ միայն թեկնածուի մասնագիտական արժանիքները գնահատողը: Պատահակա՞ն էր, որ այն խորհրդարանական մեծամասնությունը, որն ընդդիմադիր պատգամավորներից մեկի գիրք կարդալու հորդորն ընդունեց ինչպես սիրելի խաղալիքից թվաբանության խնդրին անցնելու տարիքային մարտահրավեր, դեմ քվեարկեց համաշխարհային մի քանի հեղինակավոր գիտական կենտրոնների ճանաչված գիտնականին: Իհարկե ոչ, որովհետև մեծամասնության միակ արժանիքը մնացել է հենց մեծամասնություն լինելը: Մեծամասնության շարքերում եթե նույնիսկ որակ կա, ապա այն շատ արագ խեղդվել է իդիլիական մարգագետնում չգիտես ում դեմ և հանուն ինչի փորված խրամատներում:

Ամենևին էլ խնդիրն այն չէ, թե քանի նախարար կլինի կառավարությունում, դրանից քանի կոպեկ կտնտեսվի հերթական պարգևավճարների համար: Նույնիսկ արդեն կարևոր չէ, թե ի՞նչ արդյունավետությամբ կաշխատի նոր կառուցվածքը, որովհետև առկա ծրագրի համար ժեկն էլ շատ է: Խնդիրն այն է, որ երկրին խորքային փոփոխություններ են պետք, մարդկանց վաղվա օրվա նկատմամբ հավատ է պետք, որի փոխարեն արդեն որերորդ անգամ «մեր դեմ խաղ չկա» ռետրո ներկայացումն է հրամցվում:

foto
Author: Eduard Saribekyan