Foto

Քաղաքացիների ահազանգերին ընթացք է տրվել օրենքով սահմանված կարգով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2019թ. մարտ ամսին ստացվել է 201 հեռախոսազանգ:
 
Նախարարություն ահազանգած քաղաքացու պնդմամբ իբրև «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքներից մեկում կենսաթոշակները վճարելիս 600-700 դրամի չափով անհիմն պահումներ են կատարվում: 
 
Փոստային քաղաքականության վարչությունը քաղաքացու դիմումն անմիջապես վերահասցեավորել է «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությանը, որտեղից տեղեկացրել են, որ քաղաքացին հրաժարվել է նշել կենսաթոշակառուի տվյալները: Ստացված տեղեկատվության սահմանափակ լինելու պատճառով կոնկրետ խախտում բացահայտել հնարավոր չի եղել, սակայն տվյալ բաժանմունքում սահմանվել է վերահսկողության հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում կատարվելու է տարբեր ուղղություններով բաժանմունքի գործընթացի համապատասխանության ստուգում: Կոնկրետ կենսաթոշակառուների և նպաստների վճարումների առնչությամբ դիտարկվելու են բաժանմունքում տեղակայված տեսախցիկների տեսաձայնագրությունները, գործարքի կնքման արդյունքում ստորագրված փաստաթղթերի համապատասխանությունը, ինչպես նաև ընկերության աշխատակարգերով սահմանված այլ հանգամանքներ:
 
«Թեժ գծին» ահազանգած քաղաքացիներից մեկն էլ տեղեկացրել էր, որ դեպի Ալավերդի տանող ճանապարհահատվածում կիսատ թողնված շինաշխատանքները խոչընդոտում են երթևեկությունը, իսկ Դիլիջան-Վանաձոր ճանապարհի Ֆիոլետովոյի հատվածում գոյացած փոսերը վնասում են մեքենաները: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրենի այցելությունից հետո ճանապարհը սպասարկող կապալառու ընկերությունը հարցին ժամանակավոր լուծում է տվել` մինչև հիմնանորոգումը, որը նախատեսված է կատարել 2019 թվականի ընթացքում:
 
Ճանապարհների ձմեռային սպասարկմանը վերաբերող մեկ այլ բողոք էլ ստացվել է Ստեփանավան - Երևան ճանապարհի Վանաձորի հատվածը աղ ու ավազով ոչ պատշաճ մշակմանը: Նախարարությանը դիմած քաղաքացին պնդում էր, որ ավազահատիկները չափազանց խոշոր են, և դրանց վրայով անցնելիս մեքենաները վնասվում են: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները խնդիրն անմիջապես ուսումնասիրել են և տեղեկացրել քաղաքացուն, որ ճանապարհահատվածի սպասարկման աշխատանքների որակը մշտական հսկողության տակ է:  
 
Եվս 3 ահազանգ ստացվել է Ղազարավան գյուղը սպասարկող թիվ 513 երթուղու ավտոբուսների չաշխատելու և Արտաշատ – Երևան երթուղով ուղևորափոխադրումների ուշացումների վերաբերյալ: Նախարարության տրանսպորտի վարչությունը քաղաքացիներին գրավոր տեղեկացրել է, որ արդեն ընթացքի մեջ են Միասնական երթուղային ցանց ստեղծելու աշխատանքները, ինչը հնարավորություն կտա կարգավորել նմանատիպ բոլոր խնդիրները: 
 
Նույն ժամանակահատվածում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տեղեկատու հեռախոսահամարներին ստացվել է 1 հեռախոսազանգ: Ընկերության մասնագետները քաղաքացուն պատշաճ խորհրդատվություն են տրամադրել:
 
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով 193 քաղաքացիներ օպերատիվ տեղեկատվություն են ստացել ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն