Foto

Քանի՞ փաթեթավորմամբ կարելի է «վաճառել» 50 հազար աշխատատեղը

Վերջերս բազմաթիվ պաշտոնյաների, հատկապես վարչապետ Փաշինյանի ելույթներում հաճախակի հնչում է «50000 նոր աշխատատեղերի» մասին տեղեկատվությունը: Հատկանշական է, որ դա արվում է ոչ միայն ներքին լսարանի, այլև արտաքին գործընկերների համար, կարծելով, թե «աշխարհի ամենալավ կալկուլյատորը» միայն Հայաստանի կառավարությունում է: Եվ այսպես, ի՞նչ բովանդակություն ունի այս 50 հազար թիվը, որն արտաբերելիս անընդհատ նշվում է՝ «դժվար է ասել, թե դրա ո՞ր մասն է ստվերից դուրս եկածը և ո՞րն է իրական նոր աշխատատեղը»: Պետական վիճակագրությունը դրա մասին լռում է նույնիսկ վարչապետի համար: Մյուս կողմից սա հետաքրքիր մանիպուլյացիայի գործիք է, որովհետև հարկ եղած դեպքում այն ծառայեցվում է մե՛կ որպես կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշ, մե՛կ որպես ՀՀ կառավարության վարած տնտեսական քաղաքականության կամ մենաշնորհների դեմ պայքարի ցուցանիշ: Դեռ էլ ի՞նչ փաթեթավորմամբ «կվաճառվի» այս 50 հազար նոր աշխատատեղը, ընդամենը ֆանտազիայի հարց է: Բայց իրականությանն այլ թվեր են համապատասխանում: Դրանք արդեն մի շարք խոշոր ընկերությունների կողմից ազդարարված զանգվածային կրճատումների մասին տեղեկություններն են: «Գազպրոմ Արմենիան» արդեն հայտարարել է իր մոտ հազար աշխատակցի կրճատման մասին, որովհետև չի կարողանում պահել գազի սակագինը ներքին շուկայի համար, «Սպայկայում» մոտ նույնքան կրճատումներ կարող են լինել, քանի որ տնօրենի ձերբակալման կապակցությամբ ստեղծված անհասկանալի իրավիճակի արդյունքում կասկածի տակ է ընկել դոլարային բազմամիլիոն ներդրումային ծրագիրը, Արարատի ցեմենտի գործարանի մոտ հազար աշխատակիցներ երեկ արդեն կրճատման ծանուցագրեր են ստացել, որովհետև տեղական արտադրողը մրցակցային անհավասար պայմանների մեջ է հայտնվել ներմուծվող ապրանքի գնի պատճառով: Նկատեք՝ խոսքը գնում է հազարավոր աշխատատեղերի մասին: Եթե դրան ավելացնենք պետապարատի «օպտիմալացման» ցուցանիշները և փոքր ու միջին բիզնեսում ստվերային աշխատատեղերի «բացահայտման» արդյունքում արդեն կատարված և սպասվելիք կրճատումները, գործազուրկ դարձած կամ այդ ճակատագրին սպասող քաղաքացիների թիվը գուցե տասնյակ հազարի հասնի:

Իրականում աշխատավարձ ստացող քաղաքացիների թիվը ոչ թե ավելացել, այլ մի բան էլ պակասել է: Սրա համար կառավարությունում թվեր կա՞ն, պատասխան ունե՞ն, թե կբավարարվեն միայն «դուխով» ձևակերպումներով կամ «լավ ենք արել» տիպի նեղացկոտ պատճառաբանություններով:

Օրերս վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով մաքսատան աշխատակցի աշխատանքից ազատմանը, ասել էր. «Թող չգրեր դիմում, ի՞նչ անեմ»: Նույն տրամաբանությամբ վաղը կմեղադրեն «Արարատցեմենտի»  կամ «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությանը, իբր «թող չկրճատեին, ինչո՞ւ կրճատեցին որ…»: