Foto

ԱՆ տեղակալներն ընդունել են Իտալիայի դատական իշխանության ներկայացուցիչներին

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Աննա Վարդապետյանը և Տիգրան Խաչիկյանը ապրիլի 15-ին ընդունել են երկօրյա այցով Հայաստանում  գտնվող Իտալիայի Հանրապետության դատավորներից և Արդարադատության նախարարության պաշտոնյաներից կազմված պատվիրակությանը: Այն գլխավորում էր ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված իրավունքի գերակայության համագործակցության շրջանակում՝ Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության հետ հարաբերությունների հաստատման ու զարգացման նպատակով:

Նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը, ողջունելով հյուրերին ՀՀ արդարադատության նախարարությունում, բարձր է գնահատել Հայաստանի և Իտալիայի արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը և ընդգծել, որ այս հանդիպումը լավ առիթ է ուրվագծելու փոխգործակցության զարգացման նոր ուղղությունները:

Դեսպանը ևս կարևորել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը և նշել, որ դրանք նպաստում են համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

Պատվիրակության ներկայացուցիչ Դոնաթելլա Դոնատին ներկայացրել է Իտալիայի՝ հակակոռուպցիոն ոլորտում վերջին տասը տարիների ընթացքում իրականացրած լայնածավալ աշխատանքներն ու նշել, որ պայքարը կոռուպցիայի դեմ իրենց կառավարության գերակա ուղղություններից է: Որպես կոռուպցիայի դեմ պայքարի բանաձև՝ Դոնաթելլա Դոնատին կարևորել է պետական մարմինների աշխատանքի թափանցիկությունը, վերահսկողությունը աշխատանքների կատարման և հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նկատմամբ, քաղաքացիական հասարակության ներառականությունը պետական կառավարման գործընթացում և այլն:

Նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, խոսելով Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականությունից, ընդգծել է, որ Կառավարությունն այն հռչակել է գերակա ուղղություն, ինչն իր արտացոլումն է գտնելու նաև մշակման փուլում գտնվող Կառավորության միջոցառումների հնգամյա ծրագրում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Իտալիայում գործող հակակոռուպցիոն մարմինների գործառույթներին, դրանց գործիքակազմերին, ազդարարման ինստիտուտին, հակակոռուպցիոն կրթությանը և համագործակցության խորացմանն առնչվող այլ հարցերի:

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն