Foto

Դատախազությունը շարունակում է ՔԿՀ-ներում ստուգումները

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից ստուգվել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակը: Ստուգվել է նաև ՔԿՀ-ում պահվող անձանց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը և համաչափությունը:
Պարզվել է, որ պահվող անձանց նկատմամբ տույժեր կիրառելու վերաբերյալ կայացված մի շարք որոշումներում չի պահպանվել օրենսդրությամբ սահմանված՝ կարգապահական տույժ կիրառելու համաչափության սկզբունքը: Նախկինում ընդհուպ ներքին կանոնակարգը չարամտորեն խախտելու համար տույժի ենթարկված անձինք, հերթական խախտումը կատարելու համար, ենթարկվել են դրա ծանրությանն անհամաչափ մեղմ կարգապահական տույժի:
«Սևան» ՔԿՀ-ում ևս հայտնաբերվել են առանց համապատասխան թույլտվության՝ խցերում քնելատեղերի վարագուրապատման, այդպիսով կացարաններում անձանց տեղաշարժը հսկելու հնարավորությունից ՔԿՀ ծառայողներին զրկելու բազմաթիվ դեպքեր:
Կացարաններում, պատժախցերի պատերին արձանագրվել են քրեական ենթամշակույթի չգրված կանոները բնորոշող փորագրված կամ նկարված նշաններ: ՔԿՀ-ի բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկներում դատապարտյալների համար հասանելի վայրում փոստարկղեր տեղադրված չեն եղել, իսկ որոշ կացարաններում արձանագրվել են առանց վարչակազմի թույլտվության պահվող կենդանիներ: Գրեթե բոլոր պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման համար անհրաժեշտ որոշ պարագաներով և գույքով: