Foto

ՃՈ պետ Եգոր Կարարպետյանին ոստիկանության մայորը մեղադրում է սահմանադրական կարգը տապալելու մեջ

Փաստաբան Արթուր Ղամբարյանի վստահորդ ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային դասակի ավագ տեսուչ, ոստիկանության մայորը հաղորդում է ներկայացրել ճանապարհային ոստիկանության պետ՝ Եգոր Կարապետյանի դեմ՝ գտնելով, որ նա իր գործողություններով տապալել է երկրի սահմանադրական կարգը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պատճառը՝ ՃՈ պետի 05.12.2016թ. թիվ 301-Ա հրամանն է։

Բանն այն է, որ նշված հրամանով ճանապարհային ոստիկանության ծառայության պետը ճանապարհային ոստիկանության ծառայողներին պարտավորեցվել է համազգեստի վրա տեղադրել և օգտագործել շարժական տեսաձայնագրման սարքեր։ Հրամանը կայացնելիս նա ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կանոնադրության հավելվածի 15 կետի «ը» ենթակետով, որը սահմանում է ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնատար անձի լիազորությունների սահմաններում անհատական ու լոկալ ակտեր ընդունելու հնարավորությունը: Վերջինումս, սակայն, նշված չէ տեսաձայնագրման սարքեր օգտագործելու հարցում իրավական կարգավորում նախատեսելու վերաբերյալ լիազորող նորմ:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանադրական կարգը տապալելը Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելն է, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ։ Մայորը հատուկ քննչական ծառայության ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ  նշված հրամանով փաստացի վերացվել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված նորմը, ըստ որի՝ «պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքով», իսկ ոստիկանության ծառայողի կողմից շարժական տեսանկարահանման սարքեր կրելու վերաբերյալ օրենքով լիազորող նորմ 2016 թվականին նախատեսված չի եղել։ Օրենքում փոփոխությունները կատարվել եւ լիազորող նորմը նախատեսվել է միայն 2018 թվականին։  

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյանա