Foto

Ինչ ցույց տվեց «դրոշակի պատմությունը»

Վարչապետը «անակնկալ» այցելեց ավտոմաքսատուն ու սկսվեց: Է՛լ գործից հանել, է՛լ տեղափոխել Գյումրի, է՛լ դրոշ, Է՛լ կավռալիտ…

Այսինքն հերիք էր, որ վարչապետը մտնի պետական որևէ հիմնարկ ու այնքան բան կբացահայտի իր համար, որ մի տարվա աշխատանքն ապահովված է: Հատկանշական է, որ այսքան բան Նիկոլ Փաշինյանը գտավ մի գերատեսչությունում, որի աշխատակիցները պարբերաբար պարգևավճարներ են ստանում, ամեն վայրկյան շփվում են քաղաքացիների հետ և ապահովում են հսկայական դրամական հոսքերի մուտքը պետբյուջե: Հիմա գոնե վարչապետը հասկացա՞վ, որ Հայաստանի քաղաքացիները ոչ թե դեմ են, որ մաքսավորները պարգևավճարներ ստանան, այլ երազում են, որ իրենց ստացածին համարժեք ծառայություններ մատուցեն քաղաքացիներին, քանզի ակնհայտ է, որ «փնթի» միջավայրում որակյալ ծառայություն մատուցելն անհնար է:

Պետական դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով մի քանի աշխատակից կպատժվեն, վարչապետը պնդում է, որ հեռացվեն աշխատանքից: Իրավաչափ է սա, թե ոչ՝ թող իրավագետները որոշեն, բայց այդ հիմնարկի ղեկավարները կպատժվե՞ն ինչ-որ ձևով կամ չափով, նրաց դաս կլինի, որ իրենց պաշտոնեական պարտականությունները պատշաճ կատարեն, թե՞ կշարունակեն հին գործելակերպը: Եվ մի հարց էլ, մյուս գերատեսչություններում համապատասխան ճիշտ եզրակացություններ կարվե՞ն, թե կբավարարվեն միայն եվրառեմոնտով ու դրոշակներ տեղադրելով:

Այսօր քաղաքացիներն անձնագրային սեղաններում, կադաստրի գրասենյակներում, տեղական ու տարածքային կառավարման մարմիններում ամեն օր առնչվում են չինովնիկների հետ: Նույն պատկերը գրեթե ամենուր է, իսկ ոլորտային ղեկավարները չեն վերահսկում իրավիճակը: Նույնը ջրային տնտեսությունում է, բնապահպանության և գյուղատնտեսության, էներգետիկայի և ճանապարհաշինության ոլորտներում: Ամեն ինչ սեփական ուսերին վերցնելու պարագայում Նիկոլ Փաշինյանն օրական 48 ժամ պետք է աշխատի, իսկ նախարարությունները պարգևավճարներ ստանան:

Ամփոփենք՝ ի՞նչ ցուց տվեց «դրոշակի պատմությունը»: Պետական կառավարման համակարգը հեղափոխությունից մեկ տարի անց դեռ «շարիկ գլորելու» ռեժիմում է: Չինովնիկները ղեկավարության աչքից հեռու նույն իներցիայով են շարժվում, թեև սոցիալական ցանցերում ղեկավարի լայվերին պարտաճանաչ սրտիկներ են շռայլում, մտածելով, որ դրանից զատ այլ պարտականություն չունեն, չի պահանջվում: Երկրի վարչապետը որերորդ անգամ համոզվում է, որ իր կառավարության անդամները չեն տիրապետում իրավիճակին, բայց դեռ համառորեն շարունակում է սատարել նրանց: «Անակնկալ» այցերը կշարունակվեն, բայց «դրոշի պատմությունից» այն կողմ չեն անցնի, քանի որ հակառակ դեպքում սեփական թիմը մի ակնթարթում կկազմալուծվի, հայտնվելով ավելի հարմարավետ «տանիքի տակ»:

foto
Author: Eduard Saribekyan