Foto

Հանուն ինչի՞ է Նիկոլ Փաշինյանի որդին ծառայում Արցախում

Աննա Հակոբյանն «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում հայտարարել է, որ Արցախյան հակամարտության գոյության տարիներին հայ և ադրբեջանցի մայրերն իրենց զավակներին զոհել են «հանուն ոչնչի»: «Ոչ մի կերպ և ոչ մի սանտիմետր այդ զոհերը չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը:

Այս հայտարարությունը միանշանակ ընդունել հնարավոր չէ, հատկապես հայ հասարակության կողմից: Նախ, ի՞նչ նկատի ունի Աննա Հակոբյանն Արցախյան հակամարտություն ասելով: Դատելով զրույցի ողջ ենթատեքստից, խոսքը գնում է այդ հակամարտության միայն վերջին փուլի մասին, երբ Արցախի ժողովրդին Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի պայմաններում հայկական ինքնապաշտպանական ուժերը կարողացան Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչներին ոչ միայն փրկել անխուսափելի կործանումից, այլև ազատագրելով պատմական հայրենիքի որոշ տարածքներ, ստեղծեցին անվտանգության մի այնպիսի գոտի, որ թշնամուն հնարավորություն չի տալիս նույնիսկ ռազմական ճանապարհով ռևանշի հասնել ու իրագործել իրենց տմարդի մտադրությունները: Եթե սա «ոչինչ է», ապա պակասում են «բուռն ծափահարությունները»:

Տարիներ շարունակ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում աննկարագրելի զրկանքներ կրեց, զոհեց իր լավագույն զավակների կյանքը, ողջ մնացածների առողջությունն ու ճակատագրերը, որպեսզի Շուշիում ու Գորիսում, Ստեփանակերտում ու Կապանում, Մարտակերտում ու Վարդենիսում մարդիկ դուրս գան ռմբապաստարաններից, կարողանան զբաղվել առօրյա աշխատանքով: Եթե սա «ոչինչ է», ապա ո՞րն է Աննա Հակոբյանի համար պայքարի նպատակը, ի՞նչ է անում նրա որդին Արցախի պաշտպանության բանակում: Գուցե միայն տպավորություն է ստեղծում, որ վարչապետի որդի՞ն էլ է առաջնագծում: Վստահ եմ, որ Աշոտն այդպես չի մտածում, զինվորը չի կարող ծառայել հանուն ոչնչի, չի կարող սխրանք գործել հանուն մի բանի, որ «դատարկ տեղ» է: Ում համար երկրի սահմանների անառիկությունն ու հայրենակիցների կյանքի անվտանգությունը «դատարկ տեղ ու ոչինչ է», նա ամեն գնով խուսափում է զինվորական ծառայությունից, մնում «մոր փեշի» տակ: Եթե այդ զոհերն անտեղի լինեին, ապա Նիկոլ Փաշինյանն այսօր Ալիևին կհանդիպեր, ոչ թե «հումանիտար» զրույցների սեղանի շուրջ, այլ Իջևանի իրենց տան բակում:

Մի քանի տարում Երևանի բարձունքներից մեկն ուխտատեղի դարձավ հազարավոր որդեկորույս մայրերի համար ու դեռ նոր շիրիմներ են հայտնվում Եռաբլուրում: Եթե ապրիլյան պատերազմի ժամանակ հարյուրից ավելի ընտանիքներ զրկվեցին ճրագից, որպեսզի Թալիշի բոլոր բնակիչները բառի բուն իմաստով սրի չքաշվեին, դա «ոչի՞նչ է»: Գուցե ոմանց համար առավել մեծ արժեք է այդ մայրերի զգացումները շահարկելով իշխանության հասնելը, մտերիմ-բարեկամներին պաշտոններ բաժանելը: Դա էլ կա, շատ ենք տեսել, բայց նրանց վերջն էլ ենք տեսել ու ոչ միայն վերջին տարիներին:

Ես կհասկանայի տիկին Հակոբյանի խոսքը, եթե դրանով ադրբեջանցի կանանց կոչ աներ իրենց զավակներին հեռու պահել մարդ գլխատելու անհագ ցանկությունից, դպրոցներում հայատյաց դաստիարակություն ստանալուց, որովհետև նրանց զավակների յուրաքանչյուր փորձ դատապարտված է պարտության և նրանց զավակների կորուստն իսկապես ոչինչ չի փոխելու:

Հ.Գ.

Երբ վարչապետի որդին հայտարարեց, որ իր ժամկետային զինվորական ծառայությունն անցնելու է Արցախում, շատ մայրեր ոգևորվեցին, հպարտություն զգացին իրենց ու իրենց զավակների համար: Բայց, երբ կարգազանց զինվորներին «քշեցին» Արցախի զորամասեր, իսկ հիմա էլ Աննա Հակոբյանը հայտարարեց, որ զոհերը «ոչինչ չեն տվել», այդ մայրերի հպարտությունը չպակասեց՝ այլ միայն Աննա Հակոբյանի հեղինակությունը:

foto
Author: Eduard Saribekyan