Foto

Կառավարության ներսում իսկապե՞ս հակընդդեմ բևեռներ են ձևավորվում

Մարտի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով աշխատանքից ազատվել էին արդարադատության փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանը: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այդ օրերին փոխնախարարների պաշտոնանկությունը պատճառաբանել էր, թե քաղաքական որոշում է եղել՝ քաղաքական թիմով աշխատելու նպատակով:

Այսօր հայտնի է դարձել, որ Սուրեն Քրմոյանը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մարտի 29-ի 173-Ա որոշմամբ նշանակվել է փոխվարչապետի խորհրդական: 

Որ Սուրեն Քրմոյանը, նույն Արտակ Զեյնալյանի գնահատմամբ, պրոֆեսիոնալ մասնագետ է և երկար ժամանակ գործազուրկ չէր մնա, տրամաբանական է: Սակայն տրամաբանությունից դուրս է, թե ինչո՞ւ «քաղաքական» պիտակով աշխատանքից ազատված մասնագետը ընդամենը մեկ շաբաթ անց աշխատանքի ընդունվեց նույն կառավարության փոխվարչապետի աշխատակազմում: Այստեղ առաջ է գալիս այլ վարկած՝ փոխնախարարների ազատումը հավանաբար պայմանվորված էր ոչ թե «քաղաքական» որոշմամբ, այլ նրանց արտասահմանում հանգստանալու պատճառով, ինչի մասին շատ է խոսվել: Բայց այս հանգամանքը քննություն չի բռնում, որովհետև ստացվում է, որ արդարադատության նախարարը դեմ էր արտասահմանին, վարչապետը համաձայն էր, իսկ ահա փոխվարչապետը խրախուսում է:

Իսկ եթե Արտակ Զեյնալյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ապա ուրիշ հարց է ծագում՝ մի՞թե Սուրեն Քրմոյանի քաղաքական հայացքներում այդքան արագ արմատական փոփոխություններ են կատարվել, թե՞ արդարադատության նախարարի և փոխվարչապետի քաղաքական հայացքներն են տարբեր: Գուցե ճի՞շտ էին այն լուրերը, թե կառավարության ներսում որոշակի հակընդդեմ բևեռներ են ձևավորվում և Ավինյանը իր քաղաքական թի՞մն է հավաքում:

 

foto
Author: Eduard Saribekyan