Foto

Մենք վաղուց ենք մերժել 37 թիվն ու «եժովի ձեռնոցները»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին.
«Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է: Բայց, եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, ապա դա ազգային անվտանգության խնդիր է: Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ»:

Որքան փորձում եմ Կառավարության հերթական նիսի ընթացքում վարչապետ Փաշինյանի այս խոսքերը, դրանց տողատակը հասկանալ, գտնել վարչապետի զայրույթի պատճառը, միևնույն է խճճվում եմ: Ի՞նչ կապ ունի գազալցակայաններում լիցքավորման գնի թանկացումը (անքննելի իրականություն) սոցիալական ցանցերի, լրատվամիջոցների, հասարակական կարծիքի մանիպուլյացիաների հետ: Եթե վարորդները (հազարավոր) բողոքով արձանագրում և կառավարության ուշադրությունն են հրավիրում գազի լիցքավորման թանկացման վրա, ուրեմն մանիպուլյացիաներ են անո՞ւմ, եթե լրատվամիջոցները գրում են այդ բողոքների մասին, ուրեմն ինչ-որ հանցավոր միլիոններ են ստանո՞ւմ, եթե այդ թանկացումը համընկել է կառավարության համապատասխան նախաձեռնության հետ ու կառավարությունը դրան նույնքան արագ չի արձագանքել, որքան շահառուները, ուրեմն մանիպուլյացիա են անո՞ւմ: Իսկ եթե այդ «մանիպուլյացիան» ծագում է գազալցակայաններից, ուրեմն լրատվամիջոցներն են մեղավո՞ր, որ շահառուների ձայնը հասցրել են վարչապետին:

Խոսքի ազատությունը նաև կարևոր է, որ նույնիսկ ոչ ականջահաճո երևույթները բացահայտվեն, դառնան քննարկման առարկա և լուծումներ ստանան: Ու երիցս անբացատրելի է վարչապետի «բռունցք թափ տալու» անհագուրդ մղումը, երբ հարկավոր էր ընդամենը շնորհակալկություն հայտնել լրատվամիջոցներին ու սոցցանցերին, որովհետև կառավարության նիստին ներկա գտնվողներից ոչ մեկը մինչ այդ պահը նույնիսկ սոցցանցերում չէր փորձել բացատրություններ տալ, ահազանգել կամ հանդարտացնել կրքերը: Թե՞ բոլորը սպասում էին վարչապետի «իվան ահեղին»: Սա առաջին դեպքը չէ, և տպավորություն է, որ իշխանությունում անձնական նախաձեռնությունը ձգտում է նվազագույնի, որովհետև կամ դրա համար չկա «գերագույն դաբրո», կամ յուրաքանչյուր փորձ վերածվում է խայտառակության (զորօրինակ որոշ պատգամավորների արցախյան վոյաժը, մշակույթի նախարարի պաշտոնակատարի «առկայծումները» և այլն):

Բազմիցս առիթ եմ ունեցել գրելու, որ երկրում ներքին թշնամու, «սևի» ու հակահեղափոխականների փնտրտուքը միմիայն ծանրացնելու են պետության «նավի բալաստը»: Ի՞նչ է, այսուհետ լրատվամիջոցները չգրեն թերությունների, օրինազանցությունների ու չարաշահումների մասին, որպեսզի «հեղափոխական բռունցքի» չարժանանա՞ն:

Մենք վաղուց ենք մերժել 37 թիվն ու «եժովի ձեռնոցները»:

 

foto
Author: Eduard Saribekyan