Foto

«Հումանիտար գյալաջիների» առաջին ծաղիկները

Վերջին հոդվածումս կարծիք էի արտահայտել, որ Ադրբեջանի, մասնավորապես նրա ղեկավարի հետ բանակցելիս պետք չէ դյուրահավատ լինել ու փորձել համաձայնության եզրեր փնտրել, քանի որ այդ երկիրն ու իր ղեկավարն Արցախի հարցում ունեն հստակ պատկերացում ու հաստատակամություն, ամեն գնով հասնել իրենց սին նպատակներին, նույնիսկ ուժի կիրառման, պատերազմի ճանապարհով:

Օրերս Վիեննայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները հայտարարություն տարածեցին, որտեղ մասնավորապես ասվում է, որ «երկու առաջնորդներն ընդգծեցին խաղաղությանը նպաստող մթնոլորտի կառուցման և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում հետագա հստակ ու շոշափելի քայլերի ձեռնարկման կարևորությունը»։

Վիեննայից վերադառնալով՝ Փաշինյանը շտապեց ֆեյսբուքյան լսարանին տեղեկացնել, որ Ալիևի հետ պայմանավորվել են, որ հանդիպումներից հետո իրենց մեկնաբանություններում «դիմացի կողմին պետք է ոչ թե վատ վիճակի մեջ դնեն, այլ 100 տոկոսով հավատարիմ մնան ճշմարտությանը և բանակցային տրամաբանության ոգուն»: Հայաստանի վարչապետը դեռ Ալիևի հետ իր առաջին հանդիպումից հետո նրա մասին դրական կարծիք ունենալով, հիմա էլ հայտարարեց, որ համաձայնել են հումանիտար ոլորտում զարգացնել մի շարք միջոցներ:

Համանախագահների ստորագրությունների «թանաքը դեռ չչորացած», Ադրբեջանի նախագահն արդեն մի հայտարարություն է արել, որ արմատապես հակադրվում է համանախագահների հայտարարության ոգուն և պետք է, որ խիստ հիասթափեցնի հատկապես Նիկոլ Փաշինյանին:  Մասնավորապես այսօր, իր հատուկ նշանակության զորքեր կատարած այցի ժամանակ Ալիևը հոխորտացել է, թե հակամարտությունը պետք է լուծվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», և որ բանակցությունների նպատակը «ադրբեջանական տարածքների ազատագրումն է»: Արդյո՞ք Ալիևը, պայմանավորվածության համաձայն, հավատարիմ է «ճշմարտությանը և բանակցային տրամաբանության ոգուն», արդո՞ք սա նպաստում է «խաղաղությանը նպաստող մթնոլորտի կառուցման և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին», իսկ գուցե սա է Ալիևի «հարգարժան կարծիքը» (մեջբերում համանախագահների նույն հայտարարությունից), որից ոգևորված Փաշինյանը շտապում է բանակցել «հումանիտար միջոցների» շուրջ:

Ես հնարավորինս ձեռնպահ եմ մնացել ներքին լսարանի համար Ալիևի և նրա մանկլավիկների արած հայտարարությունները մեկնաբանելուց կամ մեջբերելուց, բայց սա այն ամենն է, ինչ պետք է իմանա մեր վարչապետն Ադրբեջանի և Ալիևի հետ բանակցությունների ժամանակ, նրա հետ «հումանիտար գյալաջիներ» անելուց առաջ:  

 

foto
Author: Eduard Saribekyan