Foto

Այսպես կոչված Ապրիլյան պատերազմի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Ադրբեջանը զրոյական պատասխանատվության է կանչվել Հայաստանի կողմից և անգամ անուղղակիորեն քաջալերվել է նախ` Սերժ Սարգսյանի կողմից` Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բանակցությունների տեսքով, իսկ ապա նաև հեղափոխական կառավարության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից` Ալիևի հետ հանգիստ աշխատանքային հարաբերություններ հաստատելու իսկ հիմա նաև` բանակցություններ վարելու տեսքով:

Ադրբեջանի հատուկջոկատայինները, որոնք պատերազմական հանցագործություններ են գործել Թալիշում և դիրքերում և որոնց գրեթե բոլորի անուններն ու բնակության հասցեները թերևս հայտնի են Հայաստանի հատուկ ծառայություններին, շարունակում են իրենց երկրում հերոսի հարմարավետ կյանք վարել: Դա ամոթ և ապտակ է Հայաստանի դեմքին, որ հասցվում է սեփական ձեռքով:

Ութ հարյուր հեկտար և ավելի տարածք Հայաստանի Հանրապետությունից` շարունակում է մնալ Ադրբեջանի կողմից օկուպացված, իսկ Հայաստանի կողմից` անտեսված:

Հայաստանում երբևէ հետաքննություն չի վարվել` հասկանալու համար թե արդյո՞ք տեղի է ունեցել պետական դավաճանություն, թե ովքե՞ր են ապրիլյան օրերի կորուստների համար հանցավոր անփութության պատասխանատուները և ովքեր են պատասխանատու հարյուրից ավելի հայ հերոսների ոչ անխուսափելի մահվան համար:

Պաշտոնական Երևանը շարունակում է սխալական և անարժանապատիվ գիծ վարել: Եվ այս հարցում հեղափոխության կամ փոփոխության նշույլ անգամ չի նշմարվում:

Ապրիլի առաջին օրերը պաթոսով նշելու փոխարեն` Հայաստանի ղեկավարները պարտավոր են առկա հարցերին պատասխաններ տալ և դադարեցնել անգույն ու դատարկ հռետորաբանությունը, որն իրականում առանձին վերցված և առանց համալիր մոտեցման` ոչինչ չարժե:

Ապրիլն առիթ է ազգային արժանապատիվ մոտեցումներ ձևավորելու, գործելու, այլ ոչ թե մեկ այլ տխուր տարելից պաթոսով նշելու»։