Foto

Սուրեն Պապիկյանը ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) խորհրդատվական խմբին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ռազմավարական խորհրդատու Բարրի Ջեքսոնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պետական կառավարման համակարգում բարեփոխումների քաղաքականության ձևավորման, կառավարչական գործունեության արդյունավետության բարձրացման, գերատեսչական կարողությունների հզորացման, արձագանքող քաղաքականության և ռազմավարական հաղորդակցության ապահովմանն առնչվող թեմաներ։
Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել պետական կառավարման ոլորտում Բարրի Ջեքսոնի մասնագիտական խորը գիտելիքներն ու տարիների կուտակած փորձառությունը և ընդգծել, որ նախարարությունը հետաքրքրված է պետական կառավարման համակարգի ու կառուցվածքի արդիականացմանն ընդառաջ ծանոթանալ կառավարման և բարեփոխումների միջազգային առաջադեմ փորձին։
Բարրի Ջեքսոնը, ծանոթանալով նախարարության կառուցվածքին և գործունեության հիմնական ուղղություններին, նշել է, որ շահագրգռված է ՀՀ ՏԿԶ նախարարության հետ ունենալ երկարաժամկետ համագործակցության ծրագիր՝ պատրաստակամություն հայտնելով փորձագիտական ու մասնագիտական ներուժով նպաստել գերատեսչության կարողությունների բարելավմանն ու հզորացմանը։
Իր հերթին Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ կարևորել է փոխադարձ համագործակցության հեռանկարը և հույս հայտնել, որ նախարարության կողմից ռազմավարական ուղղությունների նախանշման, տարածքային քաղաքականության մշակման ու վարչատարածքային բարեփոխումների իրականացման գործում իր մասնակցության չափաբաժինը կունենա նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի խորհրդատվական խումբը։