Foto

Հայկ Մարության․ Ծրագրի իրագործման համար պետք է ցուցաբերվի հետևողական մոտեցում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների տնօրենների հետ: Քաղաքապետը առանձնակի կարևորել է պատշաճ բուժծառայության մատուցումն ու բնակիչների հանդեպ հոգատար վերաբերմունքը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ոլորտում համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ իրատեսական ու իրագործելի միասնական ծրագիր»,- նկատել է քաղաքապետն ու հավելել, որ ծրագրի իրագործման համար պետք է ցուցաբերվի հետևողական մոտեցում:

«Այստեղ մեկ հարց կա, որը մենք մեզ պետք է տանք. պատրա՞ստ ենք ծանր աշխատելու, այսինքն՝ մենք մեզ զոհաբերելու, որ 5-10 տարի հետո լավ արդյունք ունենանք: Եթե պատրաստ ենք, մենք ունենալու ենք այդ արդյունքը, եթե աշխատենք այս նույն տեմպով, միգուցե և չստանանք: Ես ձեզանից ակնկալում եմ այս մոտեցումը, այլապես մենք չենք կայացնի մեր համայնքում այս համակարգը: Ես նաև կպահանջեմ, որ այն մարդիկ, որոնք չեն ցանկանալու այս ծանր աշխատանքը վերցնել իրենց վրա, շուտ հայտնեն դրա մասին»,- նշել է Հայկ Մարությանը: