Foto

Մամուլը՝ «Մերոնքականի» ու «ձերոնքականի» արանքում

Բոլոր խաղերը խաղացել էինք, մնացել էր սարի սմբուլը:

Լրատվական դաշտի նկատմամբ ստեղծված իրավիճակն այս ասացվածքից այն կողմի չի անցնում: Հազարավոր խնդիրներ կան երկրում, որ ժամ առաջ հարկավոր է լուծել, բայց իշխանությունների «ատամանացավը» հենց լրատվամիջոցների վրա է բռնել: Սկզբում արշավի թիրախը սոցցանցերի «ֆեյք» օգտատերերն էին, հետո իրական օգտատերերին սկսեցին մեղադրել «ֆեյք» լուրերի համար, այնուհետև թեթև շարժումով անցան լրատվամիջոցներին ու դրնց լրատվությանը և ստացվեց այնպես, որ եթե այս կամ այն հրապարակումը չի տեղավորվում պաշտոնական տեսակետի կամ լրատվական քաղաքականության մեջ, «ֆեյք» է:

Ցավոք սա ակնկալելի էր: Դեռևս թավշյա հեղափոխության առաջին օրերին Նիկոլ Փաշինյանը «մատ թափ տվեց» որոշ հեռուստաընկերությունների վրա ու սկսվեց լրատվամիջոցների մեջ «հակահեղափոխության օջախների» փնտրտուքը: Այնուհետև, երբ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում հասարակությունը բաժանվեց սևի ու սպիտակի, լրատվամիջոցներն արդեն օբյեկտիվորեն չէին կարող խուսափել այդ պիտակավորումից: Բայց այն ժամանակ իշխանությունների կողմից դրա մասին խոսելը տակտիկական սխալ կլիներ, որովհետև առջևում խորհրդարանական ընտրություններ էին և լրատվական լայն աջակցության խնդիրը կձախողվեր: Արդեն վերջերս վարչապետը «հպանցիկ» նկատեց, որ երկրում կան քաղաքական գործիչներ, ովքեր ավելի շատ օտարերկրյա գործակալներ են հիշեցնում: Այն ժամանակ մենք նկատեցինք, որ «շպիոն օպերացիան» ոչ մի լավ բանի չի բերի, բացի քաղաքական դիսկրիմինացիայի խորացումից, հասարակության մեջ սևի ու սպիտակի առավել ծայրահեղ բևեռացումից:

Լրատվական հոսքերի նկատմամբ քողարկված գրաքննության շշուկներն արդեն վերածվել են բարձրաձայն պահանջի և նույնիսկ լրատվամիջոցներն են բաժանվում «մերոնքական» ու «ձերոնքականների»: Սա ամենազազրելի բանն է, որ կարելի է անել լրատվական դաշտի և ժողովրդավարության հետ: Հատկապես, որ դա արվում է իշխանական բարձր օղակների «դիրիժորությամբ»:

Ի՞նչ է ստացվում, եթե մի լրատվամիջոցը պատկանում է ոչ իշխանական կուսակցությանը կամ խմբին, ապա նրա լուրերը «ֆե՞յք» են, եթե մեկ այլ լրատվամիջոցի լրատվությունը չի անցել իշխանական խողովակներով կամ տարբերվում է «կոլխոզի ուղղուց», ապա այդ լրատվամիջոցը հակահեղափոխական կամ թշնամակա՞ն է: Իշխանությունները բացառո՞ւմ են, որ  լրատվամիջոցները կարող են լինել նաև անկախ: Թող ներվի կարծիքս, բայց սա դիգնոս է:

ԱԺ պատգամավորներից մեկը հասել է այն աստիճանին, որ հասարակությանն ուղղորդում է, թե ո՞ր լրատվամիջոցին վստահել: Դեռ հարց է, թե դրանով հիշյալ լրատվամիջոցների վարկանիշն ավելի շատ շահու՞մ, թե՞ կորցնում է, բայց արդարության տեսակետից ցանկանում եմ մի հարց տալ. եթե հարկերը բարձրանում են, կառավարության տնտեսական քաղաքականությունը մնում է կառավարողների բարի ցանկությունների (քմահաճույքի) հույսին, կոռուպցիայի դեմ պայքարը սահմանափակվում է «մշտակն հերթապահ» մեկի ցուցմունքներով,  իսկ լրատվամիջոցները դա նկատում  և քննադատում են, որովհետև ուղղակի խլուրդ չեն, ուրեմն «ֆե՞յք» են:

foto
Author: Eduard Saribekyan