Foto

Վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու և խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 18-ին ողջույնի խոսքով հանդես է եկել Բեռլինի խորհրդարանում.
«Մեծարգո տիկին փոխնախագահ, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, 

թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ հետ հանդիպման և Բեռլինի խորհրդարանում Ձեզ ողջունելու այս հնարավորության համար:
Մարդկանց հիշողություններում դեռ թարմ է նույն ժողովրդին, երկիրը և Ձեր սիրելի  քաղաքը միմյանցից բաժանող բեռլինյան պատը: 1989 թվականի նոյեմբերի 9-ին Արևելյան Գերմանիայում միասնության գաղափարի շուրջ միավորված Գերմանիայի ժողովրդին հաջողվեց փլուզել այն, ինչը հանգեցրեց Գերմանիայի վերամիավորմանը 1990 թվականի հոկտեմբերի 3-ին և նոր էջ բացեց համաշխարհային պատմության մեջ: Աշխարհն ուրախ է կրկին միասնական և դինամիկ Գերմանիա տեսնելու:
«Բեռլինյան պատի» թանգարանի մի նկարում պատին հենված կին է պատկերված և նշված են նրա խոսքերը. «Այն ճնշումը, որ ես 1987 թվականին ձեռքիս ափով գործադրեցի պատի վրա՝ իր արդյունքը տվեց երկու տարի անց»:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ տարիներ շարունակ ծավալած պայքարը՝ հանուն մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության, հանգեցրին 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին թավշյա, ոչ բռնի հեղափոխության, որն ընթացավ ամբողջապես սահմանադրական ճանապարհով:
Այժմ մենք պետք է ամրապնդենք զարգացման ժողովրդավարական մոդելը և զարգացնենք դրա արդյունավետությունը: Այս առումով կարևոր ենք համարում ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը:
Վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու և խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը:
Մենք բարձր ենք գնահատում նաև Գերմանիայի կողմից վարվող հավասարակշռված քաղաքականությունը Հարավային Կովկասում և աջակցությունը Հայաստանին տարբեր ոլորտներում:
Մեր երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական համագործակցությունը, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ընդլայնվող փոխգործակցությունը, տնտեսական ու մշակութային կապերի ակտիվացումը համագործակցության հետագա խորացման խոսուն վկայությունն են:
Հայ-գերմանական հարաբերությունների խորացման համատեքստում առանձնահատուկ դեր կարող են ստանձնել երկու երկրների մայրաքաղաքները:
Հուսով եմ, որ Բեռլինը և մեր 2800-ամյա մայրաքաղաք Երևանը կկարողանան համատեղ համագործակցության ծրագրեր մշակել՝ միմյանցից սովորելու և փորձի փոխանակման համար: Երևանի նորընտիր իշխանությունների համար, վստահաբար, օգտակար կլինի Բեռլինի փորձը քաղաքային կառավարման և քաղաքային տնտեսության կայուն զարգացման համատեքստում:
Մեծարգո տիկին Շմիդ, հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր բարդ և պատասխանատու գործունեության ընթացքում` ի բարօրություն Բեռլինի քաղաքացիների»: