Foto

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել է Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը մարտի 16-ին Ֆրեզնոյում այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Fresno Bee լրատվական կայքը:
Բայբուրթյանն ու նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկ են դրել հուշահամալիրին և գլուխ խոնարհել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: «Այս հուշարձանը կանխարգելման խորհրդանիշ է: Այն ցույց է տալիս, որ ցեղասպանության նման ողբերգություններ այլևս չպետք է պատահեն»,- նշել է նա:
Բայբուրթյանը, խոսելով Ֆրեզնոյի ու քաղաքի բնակիչների մասին, նշել է, որ հիանում է Ֆրեզնոյի բնակչության ջանասիրությամբ: Նա խոստացել է մշտական ուշադրության կենտրոնում պահել քաղաքը, որը պատմականորեն կարևոր հանգրվան է եղել հայ փախստականների համար:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսն ընդգծել է, որ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրում՝ բարելավելու գյուղատնտեսական տեխնոլոգիաները, և այս հարցում շատ բան կարելի է սովորել Ֆրեզնոյից ու քաղաքի ֆերմերներից: