Foto

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Մարտի 18-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: 

Ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը՝ ԱԻ նախարարը շնորհավորեց դեսպանին պաշտոնի ստանձման կապակցությամբ և հույս հայտնեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում կշարունակվի նոր թափով՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համատեղ իրականացվող մի շարք ծրագրեր՝ մասնավորապես, հրշեջ կայանների, հրշեջների կարողությունների զարգացման, համատեղ վարժանքների իրականացման վերաբերյալ: 

Համատեղ իրականացվող ծրագրերից, մասնավորապես, կարևորվեց ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության մարդասիրական ծրագրի շրջանակներում ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների շենք-շինությունների, հրշեջ դեպոների վերանորոգման և անձնակազմի կարողությունների զարգացման աշխատանքները: 

2018 թվականին արդեն իսկ իրականացվել է Արարատի մարզի Մասիս (վերանորոգում) և Սյունիքի մարզի Մեղրի (կառուցում) քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատների բազաների վերակառուցման ու արդիականացման ծրագիրը: 

2019-2021 թվականների ընթացքում վերոնշյալ ծրագրի շրջանակներում ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունում կիրականացվեն հրշեջ-փրկարարական ջոկատների շենք-շինությունների, հրշեջ դեպոների վերանորոգման և անձնակազմի կարողությունների զարգացման աշխատանքներ: Ծրագրի շրջանակներում Գյումրիի «Գյումրի 1» թաղամասում և Աշոցքում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական շենքեր, իսկ Ախուրյանում և Անիում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ:

Այս համատեքստում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատանքը և նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստակամ է շարունակել առկա համագործակցությունը և ավելի ընդարձակել այլ ուղղություններով: 

«Տեխնոլոգիաները փոխվում են, փոխվում է նաև մարդկանց կենցաղը, նոր երևույթներ են առաջ գալիս: Մենք պետք է զարգանանք և մշտապես լինենք զգոն», - իր խոսքում նշեց Ֆելիքս Ցոլակյանը: 

Շնորհակալություն հայտնելով ԱԻ նախարարին ջերմ ընդունելության համար, նորանշանակ դեսպանը նշեց. «Հպարտ եմ, որ տարիներ ի վեր ԱՄՆ դեսպանությունը եղել է Ձեր նախարարության լավ գործընկերը: Որպես օրինակ կարող եմ նշել փորձի փոխանակումը հայ փրկարարների և ԱՄՆ զինծառայողների միջև, որը մարդկային կյանքեր փրկելուն ուղղված մեր համատեղ աշխատանքի դրվագներից մեկն է միայն: Պատրաստ եմ շարունակել գործակցությունը Ձեզ հետ այս նոր պաշտոնում և հուսով եմ, որ կարող ենք գտնել համատեղ աշխատանքի նոր և արժեքավոր ուղիներ»:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության համագործակցության շրջանակները՝ ազգային և միջազգային մակարդակով: 

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների շրջանակներում կարևորեց կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ հատկապես կանխարգելման, բնակչության իրազեկման գործընթացում անելիքներ շատ կան: 

Նախարարը հավելեց, որ Կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո համագործակցությունն այլ կառույցների հետ ավելի կընդլայնվի, և արտակարգ իրավիճակների ոլորտում աշխատանքը կլինի ավելի համակարգված: 

Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև Կանզաս-Հայաստան համագործակցությունը, որի շրջանակներում առ այսօր իրականացվել են մի շարք փոխադարձ ճանաչողական այցեր, ուսուցողական դասընթացներ, անցկացվել են սեմինարներ և հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ: