Foto

Հնդկաստանից ժամանած գործարարներն ունեն Հայաստանում ներդրումներ անելու մտադրություն

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ընդունել է Հնդկաստանից ժամանած գործարարների խմբին։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշում են, որ ներդրողները նշել են, որ մտադիր են Հայաստանում ներդրումներ անել մի քանի ոլորտներում, մասնավորապես՝ նրանք հետաքրքրված են առևտրի, ծառայությունների մատուցման, արդյունաբերության ոլորտներով։
Նախարարի տեղակալը հյուրերի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավչությունները և արտաքին արտոնյալ շուկաները։ Ավագ Ավանեսյանը ներդրողների ուշադրությունն է հրավիրել պետության կողմից ներդրումային ծրագրերին տրվող արտոնություններին։
Գործարարները հարցեր են ուղղել Հայաստանում հարկային և մաքսային կարգավորումների, ներդրումային օրենսդրական դաշտի վերաբերյալ։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են արդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրին առնչվող հարցերին, որով նախատեսվում է հիմնել մետաղական ամրանների և ամրաձողերի արտադրություն։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ներդրողներին հետաքրքրող ծրագրերի և կարգավորումների շուրջ։