Foto

Եթե կողմերը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացվելու է բանակցություններում, մենք այն կհարգենք. Զախարովա

Ղարաբաղյան կարգավորման ձեւաչափի փոփոխություն հնարավոր է միայն կողմերի համաձայնության հիման վրա։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, քանիցս արտահայտվել է այս առնչությամբ։

«Եթե ինչ-որ փուլում կողմերը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացվելու է բանակցություններում, ապա դա կլինի հենց կողմերի որոշումը, եւ մենք այն կհարգենք։ Դա ոչ միայն մեր դիրքորոշումն է, դա նաեւ եռյակի (ԵԱՀԿ ՄԽ) մյուս երեք անդամների դիրքորոշումն է»,- ասել է նա՝ կոչ անելով ուշադրություն դարձնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մարտի 9-ի վերջին հայտարարությանը, որտեղ բավական հստակ արտացոլված են Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի մոտեցումները տվյալ հարցին։