Foto

Խրախճանքի թերմացքը մաքրելու ժամանակը

Հայաստանը մեծագույն փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում, ընդորում այդ փոփոխությունները ոչ միայն ներքաղաքական են, այլև արտաքին: Ամնօրյա ռեժիմով մեծանում են մեր նկատմամբ տարատեսակ արտաքին քաղաքական և տնտեսական ճնշումները, որոնց հակադրելու միակ ռեսուրսը գտնվում է երկրի ներսում՝ հասարակության ուժերը մոբիլիզացնելու, մարտահրավերներին դիմակայելու նպատակով քաղաքացիների մոտիվացիան բարձրացնելու մեջ: Սակայն այն, ինչ արձանագրում ենք այս «ճակատում», լավատեսության շատ քիչ հիմքեր է տալիս:

Որքան էլ հայտարարվեն երկրում տնտեսական հեղափոխության, արտաքին և նեքին ներդրումների մասին, ակնառու հաջողություններ չկան: Շաքար ասելով բերաններս չի քաղցրանում, հատկապես, որ շաքար ասելու մոտիվացիան էլ օրըստօրե կորցնում է իր իներցիան:

Ներդրումների համար կենսականորեն անհրաժեշտ տնտեսական և քաղաքական կանխատեսելիությունը երկրին մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները գրեթե զրկեց նոր ներդրումներից: Բայց ընտրություններից հետո էլ տնտեսությունը չաշխուժացավ, քանի որ կառավարության տնտեսական ծրագիրը սահմանափակվեց բացառապես դեկլարատիվ հայտարարություններով, էլ ավելի թանձրացնելով անվստահության մթնոլորտը:

Կառավարությունը ներդրումների անբավարարության պայմաններում ստիպված է ուժեղացնել տնտեսվարողների նկատմամբ ֆիսկալ ճնշումը՝ բարձրացվում են տեղական և արտոնագրային տուրքերը, ակցիզային հարկերը, համատարած «ՀԴՄ օպերացիայի» անվան տակ տնտեսվարողներին պարտադրվում են նոր ՀԴՄ սարքեր, տեղադրվում են նոր արագաչափ և երթևեկությունը տեսահսկող սարքեր: Դրան գումարվում է պետապարատի մեծաքանակ կրճատումների ուրվականը, Ամուլսարի շուրջ տևական անորոշությունը: Եթե սրանց ավելացնենք նաև նոր պաշտոնյաների հակակոռուպցիոն պայքարի անվան տակ մեկումեջ սպրդող մութ պատմությունների մասին տեղեկությունները, ապա հռչակված տնտեսական հեղափոխության մեկնարկը դեռ չի երևում:

Այս ողջ համատեքստում ներհասարակական համերաշխության հրամայանկանը իշխանությունների համար պետք է դառնա օրակարգային: Սակայն հասարակությունը դեռևս Երևանի քաղաքապետի ընտրություններից բաժանվել է հակադիր՝ սև և սպիտակ բևեռների: Յուաքանչյուր պետական նախաձեռնություն բախվում է քաղաքացիական միաբևեռ ընկալումների պատնեշին՝ հեռանալով իր բուն նպատակից ու կորցնելով ուղղությունը: Մարդիկ ամենուր թշնամի ու «հակահեղափոխություն» են փնտրում, տեսնում, անտեսելով երկրի առաջ ծառացած խնդիրների օրհասական կարևորությունը: Երկրորդական ու այսրոպեական մանր քաղաքական և ներխմբային դիվիդենտների համար լուսանցք են մղվել պետական կարևորության գործընթացները, ինքնահոսի ու չինովնիկների հայեցողությանն են թողնված կարևորագույն բնագավառներն ու ոլորտները:

Հայաստանի իշխանությունները պարտավոր են օր առաջ սրբել հասարակության սեղանին կուտակված հեղափոխական խրախճանքի թերմացքն ու մարդկանց ուղղորդել ստեղծարար աշխատանքի: Իսկ դա պետք է ցույց տալ սեփական օրինակով, առանց պոպուլիստական հնարքների:  Ավելի դժվար է յուրաքանչյուր քաղաքացու խնդրին արդարացի և օբյեկտիվ լուծում տալը, քան ուժով մի քանի սրճարան քանդելը, բայց ո՞վ էր ասում, թե հեշտ է լինելու: