Foto

Գերմանացի պատգամավորը տուգանվել է 20 հազար եվրոյով Բաքվի հետ ունեցած կապերի համար

Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության պատգամավոր Քարին Շտրենցը տուգանվել է 20 հազար եվրոյով Ադրբեջանից ստացած լրացուցիչ վարձատրության մասին Բունդեսթագին ժամանակին չտեղեկացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche welle-ն:

Նշվում է, որ Գերմանիայի Բունդեսթագը նման որոշում է կայացրել մարտի 14-ին:

Կարին Շտրենցի նկատմամբ կասկածները ի հայտ են եկել դեռևս 2017թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կոռուպցիոն սկանդալի ընթացքում: Մասնավորապես, նրա անունը հիշատակվել է Եվրոպայում Բաքվի շահերը լոբբինգ անելու համար կաշառքների մասին անկախ փորձագետների 2018թ. ապրիլին հրապարակված զեկույցում:   Փաստաթղթում նշվում է, որ կոռուպցիոն սկանդալի հիմնական մասնակից, Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները իրեն պատկանող և Բաքվի կողմից ֆինանսավորվող ու Ադրբեջանի լոբբինգն իրականացնող Line M-Trade խորհրդատվական կազմակերպությունում աշխատանքի է ընդունել Կարին Շտրենցին:

Չնայած կոմերցիոն շահերին՝ Շտրենցը 2015թ. եղել է Ադրբեջանի ընտրությունները դիտարկող  դիտորդական առաքելության կազմում: Ի հայտ եկած կասկածների պատճառով 2018թ. սկզբին Շտրենցը չի ընդգրկվել ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության կազմում: Քարին Շտրենցը պնդել է, որ ինքը չի իմացել այն մասին, որ Լինտների ընկերության ֆինանսավորումն Ադրբեջանից է: Նա իրեն մեղավոր է համարել միայն նրանում, որ Բունդեսթագին ժամանակին չի տեղեկացրել իր լրացուցիչ վարձատրության մասին: