Foto

Օպերացիա «Օպերա»

Օպերայի հրապարակի շրջակայքի մի քանի սրճարաններ ապամոնտաժվում են, սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցներն իրենց համախոհներով խոչնդոտում են ապամոնտաժմանը:

Իրավիճակն իսկապես հակասական է, որովհետև տարիներ առաջ, երբ զանգվածային ձևով կառուսապատվում էր զբոսայգին, քաղաքացիական հասարակությունը ակտիվորեն դիմադրում էր, իսկ որոշ տնտեսվարողներ, ովքեր վայելում էին իշխանությունների հովանավորչությունը, այնուամենայնիվ հաջողեցրին սրճարանների շինարարությունը: Բնական է, որ այդտեղ պատահական մարդիկ չկային, նրանք բոլորն էլ ստացել են կառուցապատման թույլտվություններ, հարկեր են վճարել (գուցե որոշ մասն էլ թաքցրել են), կայացրել են իրենց բիզնեսը, որոշակի կլիենտուրա հավաքել…

Հիմա այդ սրճարանները քանդվում են, արդա՞ր է, այո՛, ա՞յս ձևով և հիմա՞ պետք է դա արվեր, սրճարանների մի մասը պետք է ապամոնտաժվի, իսկ մյուս մասը շարունակի գործե՞լ, ո՛չ: Բայց նույնիսկ այս հարցերին հստակ պատասխան տալով էլ խնդիրը չի լուծվում, որովհետև արմատական լուծումն է բացակայում: Գուցե պետք է սկսվեր այդ տնտեսվարողներին գործունեություն ծավալելու թույլտվությունների օրինականությունն ու համապատասխան քաղաքաշինական նորմերին համապատասխանությունը ստուգելուց, համապատասխան պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելուց (ի դեպ դրանց մի մասը դեռ շարունակում է պաշտոնավարել քաղաքապետարանում և այլ պատկան մարմիններում), և այդ ժամանակ գուցե բացի տեխնիկականից, այլ հարցեր չմնայի՞ն:

Երկրում օրինականություն հաստատելու համար օրինական ճանապարհի փոխարեն իշխանությունները հին տրամաբանությամբ շարունակում են ոստիկանական և ոչ համարժեք հարկադրման մեթոդներով աշխատել: Եթե ապամոնտաժել, ապա բոլոր սրճարանները, եթե պատասխանատվության ենթարկել, ապա բոլորին: Այլապես ստացվում է, որ հեղափոխությունից մեկ տարի անց երկրում դեռ արտոնյալներ կան: