Foto

Կառավարությունը՝ օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ

Գործադիրը հավանություն է տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» Սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը վերաբերող իրավակարգավորումները սահմանվել են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի շրջանակում: Հստակեցվել են Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումների և ընտրության համար նախատեսված ժամկետները և ամրագրվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Ներկայացված նախագծերով առաջարկվում է ՀՀ դատավարական օրենսգրքերով նախատեսված՝ դատական տուգանք սանկցիայի կիրառման հարցում բացառություն սահմանել գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի համար: Առաջարկվող կարգավորումը հիմնավորվում է նրանով, որ փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու օրենսդրական կարգավորումը խնդրահարույց է, քանի որ դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի ինստիտուտի անկախությունը և փաստաբանի՝ որպես իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի մասնագիտական ինքնուրույնությունը:

Գործին մասնակցող փաստաբանի և դատախազի նկատմամբ դատարանի կողմից որպես դատական սանկցիա տուգանքի վերացմանն ընդհանուր առմամբ կողմ լինելով հանդերձ՝ կառավարությունը գտնում է, որ նախագծերն անհրաժեշտ է լրամշակել, մասնավորապես՝ վերականգնելով դատարանի կողմից փաստաբանի և դատախազի նկատմամբ կիրառվող առանձնահատուկ սանկցիան, այն է՝ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով, համապատասխանաբար, գլխավոր դատախազին կամ ՀՀ փաստաբանների պալատ դիմելը: