Foto

Սեւանա լճի ձկնաշխարհի պահպանությունն ու վերարտադրությունը ազգային անվտանգության խնդիր է. Արմենպրես

Սեւանա լճի ձկնապաշարների պահպանության ու վերարտադրության խնդիրը սրությամբ դրված է եղել նաեւ ԽՍՀՄ տարիներին, երբ պետությունը ջրային պաշարների պահպանության կողքին անչափ կարեւորում էր այն ու ձեռնարկում էր համարժեք քայլեր՝ կազմակերպելով տեղածին իշխան ու կողակ ձկնատեսակների մեծածավալ վերարտադրությունը Սեւանի, Գավառի, Լիճքի ու Կարճաղբյուրի ձկնաբուծարաններում: Պետությունը միաժամանակ կանոնակարգում էր արդյունագործական ձկնորսությունը, վերամշակումը, եւ որ ամենակարեւորն է, ձվադրության շրջանում ձկնորսության արգելանքի ռեժիմը: Մենք այն ոչ հեռավոր ժամանակներում ունեինք ձկնաբույծների գիտակ սերունդ, իրենց գործին բարեխղճորեն մոտեցող ձկնորսներ, որոնց ջանքերի շնորհիվ Սեւանա լճում հաջողվում էր պահպանել ձկնապաշարի մեծ քանակություն, ինչի շնորհիվ Հայաստանի Հանրապետության բնակչությունը կարողացավ հաղթահարել 1992-1994 թվականների տնտեսական ու պատերազմական ծանրագույն տարիների դժվարությունները: 

Այլ իրավիճակ առաջացավ Սեւանի կենդանական աշխարհի պահպանության ու վերարտադրության ոլորտում ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ նախ սեփականաշնորհվեցին Սեւանի, Գավառի, Լիճքի ու Կարճաղբյուրի ձկնաբուծարանները, ապա 1996 թվականից ընդունվեց ու գործողության մեջ դրվեց Սեւանա լճում արտոնագրային ձկնորսության կարգը, որը փոխարինելու էր գալիս մինչ այդ գործող արդյունագործական ձկնորսության պետական կարգին: Այդ ժամանակից ի վեր ոլորտը ավելի շատ գոյատեւել է անկանոն, քան թե կանոնակարգված վիճակում: Մասնավորեցումից հետո ձկնաբուծարանները գրեթե ամբողջությամբ դադարեցրին իրենց գործունեությունը, իսկ արտոնագրային ձկնորսությամբ զբաղվողներն այդպես էլ ոչ մի տարի ձկների ձվադրության շրջանում չպահպանեցին պետության կողմից սահմանված արգելանքի ռեժիմը: Բանն այնտեղ հասավ, որ 2005 թվականից ՀՀ բնապահպանության նախարարի որոշմամբ Սեւանա լճում հիմնովին արգելվեց արդյունագործական ձկնորսությունը՝ կապված սիգի եւ մյուս ձկնատեսակների պաշարների կտրուկ նվազումների հետ: Արգելքը արգելք, սակայն այդ որոշումից հետո էլ չդադարեց ձկնորսությունը: Պետական այլազան միջոցառումները հիմնականում հետխորհրդային տարիներին եղան անարդյունավետ կամ կիսատ-պռատ, որոնք էլ հանգեցրել են նման բարձիթողի իրավիճակին, որը հաղթահարելու համար ոչ միայն մեծ ջանքեր, այլ նաեւ ժամանակ ու հրատապ միջոցառումների իրականացում է պահանջում: Խնդրի շուրջ «Արմենպրես»-ի հետ իր կարծիքն ու մտահոգություններն է կիսում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

 

-Պարոն Սանոսյան, նախորդ տարվա դեկտեմբեր-հունվար ամիսներին պետության կողմից սահմանված ձկնորսության արգելանքի ռեժիմը, կապված սիգի ձվադրության ժամանակահատվածի հետ, կրկին չտվեց բավարար կամ ցանկալի արդյունք, ինչի մասին բարձրաձայնեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շատ հեռու չէ նաեւ 2019 թվականի ձվադրման շրջանը, որի ժամանակ դարձյալ կարող է կրկնվել նույն պատկերը, եթե այս պահից պետության կողմից չձեռնարկվեն համարժեք քայլեր: Որո՞նք են լինելու այդ քայլերը, որպեսզի իսպառ բացառվի որեւէ ձկնորսի մուտք դեպի լիճ ձվադրության ողջ շրջանում:

-Այո, մեր իշխանությունը երկրի համար կենսական կարեւոր այս ոլորտում շատ ծանր ժառանգություն է ստացել: Արտոնագրային ձկնորսության կարգը եւ անվերահսկելի իրավիճակը հանգեցրել են նրան, որ տարիների ընթացքում կատարվել է անխնա որս, անգամ ձվադրման շրջանում, որն էլ հանգեցրել է ձկնապաշարի կտրուկ նվազմանը Սեւանա լճում: Կարծում եմ, որ ՀՀ բնապահպանության նախարարի 2005 թվականի հրամանը բխել է ստեղծված ծանրագույն իրավիճակից, սակայն, չգիտես ինչու, հրամանը չի կատարվել պատկան մարմինների թողտվության ու ձկնորսությամբ զբաղվողների անհոգի վերաբերմունքի պատճառով: Մենք անցած միջոցառման ժամանակ փորձեցինք ավելի շատ շեշտը դնել բացատրական աշխատանքի վրա, ինչի արդյունքում կարողացանք որոշակիորեն նվազեցնել ձկնորսների մուտքը լիճ, բայց չկարողացանք հասնել բավարար արդյունքի: Հիմա մենք մի կողմից ունենք օրենքով սահմանված արդյունագործական ձկնորսության անթույլատրելիության կանոնակարգ, որը մնացել է թղթի վրա, եւ ձկնորսությամբ զբաղվողների մեծ բանակ, որոնց քանակը ոչ պաշտոնական տվյալներով հասնում է 800-1000-ի: Մենք ունենք նաեւ ձկան վերավաճառքով, արտահանմամբ ու վերամշակմամբ զբաղվողների հերթական բանակը, որոնց թիվը անցնում է մեկ կամ երկու հազարը: Ասել է, թե այս համակարգում հազարավոր մարդիկ տարիներ շարունակ ծավալել են ստվերային գործունեություն, որոնց անհապաղ պետք է բերել օրենքի դաշտ: Այստեղ հարկավոր է նոր կանոնակարգի հաստատում, նոր ընթացակարգերի մշակում ու ներդրում, որպեսզի մի կողմից շահի պետությունը, մյուս կողմից՝ այս ոլորտում զբաղված մարդիկ իրենց զգան օրենքով պաշտպանված, ձկնագողի տխրահռչակ անունից միանգամայն ձերբազատված: Դրա համար թե՛ որպես բնապահպանության փոխնախարարի, թե՛ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ձկնորսների հետ, նախարարության պատասխանատու աշխատակիցների ու կառույցների հետ  քննարկել արդյունագործական ձկնորսության նոր կարգի մշակման ու ներդրման հետ կապված հետագա քայլերը: Բարեբախտաբար, որքան էլ մեծ են եղել սիգի որսի ծավալները, այդուհանդերձ, դատելով որսված ձկան քանակությունից, Սեւանա լճում ունենք ձկնապաշարի ավելացում, թեեւ պատկան մարմինը՝ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը պետք է ներկայացնի այդ պաշարների իրական քանակությունը, որից հետո միայն պետք է սահմանվի արդյունագործական ձկնորսության սահմանափակ ծավալները: Արդյունագործական ձկնորսության նոր կարգի ներդրման առաջին փուլում կառավարությունը նախատեսում է իրականացնել պիլոտային ծրագիր՝ թույլատրելի սահման ընդունելով 150 տոննա ձկան որսը: Եվ եթե կարողանանք ապահովել սպասված դրական արդյունքներն առաջին փուլում, ապա կընդարձակենք նաեւ արդյունագործական ձկնորսության ծավալները՝  գիտական պատկան մարմին կողմից տրամադրված չափաքանակին համապատասխան:

-Արտոնագրային ձկնորսության անվան տակ հարյուրավոր մարդիկ տարիներ շարունակ, փաստորեն, զբաղվել են ապօրինի որսով: Պատրա՞ստ են նրանք նոր կարգով աշխատելուն, օրենքի դաշտ գալուն, խաղի նոր կանոններին հարմարվելուն: Ի՞նչ չափորոշիչներ են դրվելու ձկնորսների առաջ արտոնագիր տրամադրելու դեպքում:

-Հաշվի կառնվի նավակների տեխնիկական վիճակը, որսացանցերի չափերը, մի շարք այլ չափորոշիչներ: Առաջին հերթին պետք է հասնենք նրան, որ արտոնագրերի տերեր չդառնան սահմանափակ թվով մարդիկ՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով ողջ հնարավորությունները, գերշահույթ ստանալու միջոցները: Նույնիսկ որոշել ենք քվոտաներ սահմանել ըստ համայնքների, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան լուծել իրենց զբաղվածության խնդիրը: Արտոնագիր ստացած ձկնորսները սահմանված կարգով գումարներ են մուծելու պետբյուջե եւ աշխատելու են պետական վերահսկողության ներքո: Արտոնագրերը տրամադրում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, իսկ ձկնորսության գործընթացի վերահսկողությունը դրվում է «Սեւան Ազգային պարկ»-ի վրա: Մարզպետարանը հանդես է գալու աջակցողի դերում: Պետությունը նոր կարգով լուծում է երկու կարեւորագույն խնդիր: Առաջին՝ ձվադրման շրջանում բացառել ձկնորսների մուտքը դեպի լիճ եւ երկրորդ՝ չօգտագործել 50 միլիմետրից պակաս տրամագիծ ունեցող որսացանցերի օգտագործումը: Այս դեպքում կարծում եմ, գումարած որսի ծավալների կանոնակարգումը, մենք արմատապես  կլուծենք  Սեւանի ձկնապաշարի բնական վերարտադրության խնդիրը: Ինչ վերաբերում է որսացանցերի պահանջվող ստանդարտ չափերի պահպանմանը, ապա պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միության կանոնակարգ օրենքով Միության տարածքում արգելվում է 50 միլիմետրից պակաս անցքեր ունեցող ցանցերի օգտագործումը: Այստեղ մեծ դեր ունեն մաքսային մարմինները, որոնք պետք է ոչ մի կերպ թույլ չտան ստանդարտ չափսերին չհամապատասխանող ցանցերի ներմուծումը: Իսկ նախկինում ներկրված նեղ անցք ունեցող ցանցերը պետք է առգրավվեն ու ոչնչացվեն: Սա ժամանակի հրամայական է, ու ոչ մեկին նման ցանցերով ձկնորսությամբ զբաղվելու արտոնագիր չի տրամադրվի:   Մենք հակամարտության մեջ գտնվող երկիր ենք ու միշտ չպետք է մոռանանք մեր պարենային անվտանգությունը հոգալու մասին: Իսկ այն լիարժեքորեն ապահովելու համար մենք պետք է ամենայն բարեխղճությամբ պահպանենք ու զարգացնենք Սեւանա լճի ձկնապաշարը:

-Մի քանի տարի առաջ պետությունը հսկայական միջոցներ ներդրեց  Սեւանա լճում ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություններ ստեղծելու, Սեւանի իշխանի պահպանության ու վերարտադրության ծրագիրը կյանքի կոչելու համար: Կառուցվեց Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ու հզոր արտադրողականություն ունեցող ձկնաբուծարան, որտեղ սկսվեց Սեւանի իշխանի մանրաձկան արտադրությունը Կարճաղբյուրում, Սեւանա լճում տեղադրվեցին ցանցավանդակներ, որտեղ բուծվում էր իշխանի մանրաձուկը: Սակայն վերջին երկու տարում, մանավանդ հեղափոխությունից հետո, այս ոլորտում անորոշ ու անհասկանալի վիճակ է տիրում: Փակվու՞մ է արդյոք Սեւանի իշխանի վերարտադրության ծրագիրը, թե ունենալու է իր տրամաբանական շարունակությունը:

-Այո, պետությունը մեծ միջոցներ է ներդրել ծրագրի իրականացման վրա, սակայն ստացված արդյունքները եղել են ոչ բավարար:Ծրագիրն իրականացնող ընկերությունը չի ապահովել Սեւանի իշխանի մանրաձկան այն քանակությունը եւ քաշը, որը, պարտավորվածության համաձայն, պետք է բաց թողնվեր Սեւանա լիճ: Ցանցավանդակային տնտեսությունները Կարճաղբյուրի տարածքից տեղափոխվել են Լճափի տարածք: Ծրագիրն իրականացնող կազմակերպությունն այժմ վերակազմակերպման փուլում է: Մի խոսքով, այս ծրագիրը, իր բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ, ընթացքի մեջ է: Հուսով ենք, որ նոր ձեւավորվող կազմակերպությունը հաջողությամբ կլուծի իր առջեւ դրված խնդիրները, իսկ պետությունը կցուցաբերի իր աջակցությունը, որպեսզի չփոշիանան ներդրված միջոցները, կատարված աշխատանքները եւ միաժամանակ լիարժեքորեն ապահովվի Սեւանի իշխանի արհեստական վերարտադրությունը, ցանցավանդակային տնտեսությունների զարգացումը բերի իշխանի վերամշակման ու արտահանման մեծ ծավալների, տնտեսական վերելքի,  նոր աշխատատեղերի ստեղծման:   

-Մոռացվող հո՞ւշ են դառնալու ԽՍՀՄ տարիներին Սեւանի ավազանում գործող չորս ձկնաբուծարանները, որոնք տարեկան տասնյակ միլիոնների չափ իշխանի մանրաձուկ էին բաց թողնում լիճ, թե դրանց վերակենդանացման համար ձեռնարկվելու են համարժեք քայլեր:

-Ամբողջ ցավն այն է, որ այդ կառույցները մասնավորեցումից հետո մատնվել են անգործության թե պետպատվերի բացակայության, թե բավարար ձեռներեցություն հանդես չբերելու պատճառներով: Արդեն 28 տարիների անգործությունը բերել է միջոցների փոշիացման վիճակի, որի դեպքում շատ դժվար է խոսել վերակենդանացման մասին: Սակայն այդ շինությունները պահպանված են, ու բավարար ներդրումներ գտնելու դեպքում մենք կունենանք արդիականացված նոր ձկնաբուծարաններ, որոնք կապահովեն Սեւանի էնդեմ ձկնատեսակների վերարտադրությունը, կաշխատեն նոր հզորություններով  ու օգուտներով: Մենք Սեւանի ձկնաշխարհի բնական վերարտադրության կողքին անչափ կարեւորում ենք արհեստական վերարտադրությունը եւ մեր լիազորությունների շրջանակներում ցույց կտանք այն աջակցությունը, որը կպահանջվի մեզանից, որպեսզի այս ուղղությամբ ձեռնարկվող ցանկացած ներդրում, ցանկացած ծրագիր հասնի իր նպատակին: Այս պահին արտասահմանյան ներդրումների շնորհիվ վերակառուցման լուրջ աշխատանքներ են գնում Լիճքի ձկնաբուծարանում: Այնտեղ կառուցվում է փակ ցիկլով աշխատող մանրաձկան արտադրության գործարան, արհեստական լճակները լցվում են ջրով, փորձնական կարգով բուծվել ու արտահանվել են տեղում աճեցված արծաթափայլ իշխան եւ սաղմոն ձկնատեսակները: Լուրջ բիզնես ծրագիր է այստեղ իրականացվում, որտեղ կհիմնվի նաեւ ձկան վերամշակման գործարան, կբացվեն մինչեւ հարյուրի հասնող  աշխատատեղեր, քանի որ ձեռնարկությունը նախատեսել է արտադրել, վերամշակել ու սպառել  տարեկան մինչեւ 1000 տոննա ձուկ:  Նույն ձկնաբուծարանն այժմ հնարավորություն ունի պետպատվերի դեպքում աճեցնել ու Սեւանա լիճ բաց թողնել Սեւանի իշխանի, ինչպես նաեւ կողակի  մանրաձուկ: Լիճքի օրինակը պարզ հուշում է, որ բավարար ներդրումների դեպքում մյուս ձկնաբուծարաններն էլ կարող են վերագործարկվել, վերազինվել, արտադրել՝ զարգացնելով հայրենի տնտեսությունը, բնապահպանությունը, ապահովելով մարդկանց բարեկեցությունը: Կարծում եմ նաեւ, որ դրանց վերագործարկումների դեպքում պետությունը կհամագործակցի տեղածին ձկնատեսակների վերարտադրության կազմակերպման ուղղությամբ:

-Վերջին տարիներին Սեւանա լճից կտրուկ պակասեց, ապա գրեթե իսպառ անհետացավ կողակ ձկնատեսակը:Ի՞նչ քայլեր են այժմ ձեռնարկվում՝ Սեւանի էնդեմ ձկնատեսակներից մեկի պահպանությունն ու վերարտադրությունն ապահովելու, նրան ոչնչացումից փրկելու  համար:

-Շատ ցավալի է, որ կողակը հայտնվեց անհետացման եզրին, քանի որ առաջին հերթին այն համարվում էր Սեւանա լճի անփոխարինելի սանիտարը՝ սնվելով այնպիսի կերերով, որոնք այժմ սպառնալիք են ստեղծում ջրի մաքրության պահպանման համար: Կողակի անհետացումը կապված է թե՜ բնական, թե՜ արհեստական վերարտադրության պայմանների բացակայության հետ: Ոռոգման շրջանում գետերից վերցվող չկանոնակարգված ջրառը եւ ձկնաբուծարանների անգործությունը հանգեցրին այսպիսի աղետալի վիճակի: Կողակի պահպանման ու վերարտադրության ծրագիր այս պահին մշակվում եւ քննարկվում է, այն մոտ ժամանակներս կներկայացվի հանրության ուշադրությանը: Սակայն ինչ ծրագիր էլ որ այս ուղղությամբ ներդրվի, ինչ խոշոր միջոցներ էլ որ տրամադրվեն, չեն կարող սպասված արդյունքը տալ, եթե մենք չենք կարգավորում գետերի պահպանության խնդիրը, գետերից իրականացվող ջրառը: Ավելորդ չէ հիշեցնել, որ կողակը ձվադրում ու բազմանում է գետերում, որտեղ մի կողմից որսի սիրահարները զանազան արգելված միջոցներով ձուկ են որսում, մյուս կողմից էլ ոռոգման ժամանակ իրականացվող անկանոն ջրառի պայմաններում ցամաքող գետերում ոչնչանում են կողակի թրթուրները: Ջրառների գլխամասերում բացակայում են նաեւ ձկնապաշտպան ցանցերը, որտեղից էլ ձկները հայտնվում են ջրատար առուներում կամ ցանքերում՝ դառնալով ուղղակի ոչնչացման թիրախ: Չնայած առկա դժվարություններին՝  մենք հիմա միակարծիք ենք, որ օր առաջ գործողության մեջ դրվի կողակի վերարտադրության ծրագիրը, որը կլինի թե բնական, թե արհեստական ճանապարհներով: Դա հիմա շատ դժվար, բայց կենսականորեն անհրաժեշտ գործ է:

Հարցազրույցը՝ Խոսրով  Խլղաթյանի