Foto

Երևանում տեղի ունեցավ հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը

Երևանում մարտի 13-ին տեղի ունեցավ Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և ԲՀ տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար Ռոսեն Ժելյազկովը: Նիստին երկուստեք մասնակցում էին տարբեր գերատեսչությունների պատասխանատուներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

Նախարար Հակոբ Արշակյանը անդրադարձել է տրանսպորտի ոլորտի ծրագրերին։ Անդրադառնալով «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կարևորությանն ու տարածաշրջանային նշանակությանը՝ նախարարն ընդգծել է, որ այն ուղիղ կապ ապահովելով՝ լայն հնարավորություն կընձեռի երկու երկրների միջև խորացնելու համագործակցությունը բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների բնագավառում:

Նախարարն անդրադարձել է նաև համաշխարհային տնտեսությունում նորարարական տեխնոլոգիաների ներդրման ու թվայնացման գործընթացներին, նշելով, որ բիզնես գործընթացների վերակառուցումն ու ավտոմատացումը, ինչպես նաև տվյալների լայն կիրառությունը փոխակերպում են կառավարությունները՝ դրանք դարձնելով հանրային ոլորտի խելացի էկոհամակարգեր։

Ամփոփելով ելույթը՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները դրական ազդեցություն կունենան երկու բարեկամական պետությունների միջև տնտեսական և մշակութային համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու գործում:

Իր ելույթում ԲՀ տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար Ռոսեն Ժելյազկովն անդրադարձել է տրանսպորտային փոխադրումների, առևտրի, զբոսաշրջության, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցության շրջանակներին, նախանշել առաջիկայում դրանք ընդլայնելու հնարավորությունները։

Նա ընդգծել է բուլղարական կողմի պատրաստակամությունը բեռնափոխադրումների ընթացքում երկկողմ թույլտվություններն ավելացնելու հարցում և նշել, որ սա ևս վկայում է տրանսպորտի բնագավառում գործակցության ակտիվացնելու մասին։

Ռոսեն Ժելյազկովն անդրադարձել է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններին, ռազմարդյունաբերության բնագավառում տեխնոլոգիական լուծումների կիրառելիության անհրաժեշտությանը։

«Հայաստանի ու Բուլղարիայի միջև վերջին շրջանում առկա է երկկողմ հարաբերությունները խորացնելու միտում։ Չնայած դրան՝ ապրանքաշրջանառության մակարդակը ցածր է։ Ահա թե ինչու այս նիստի գլխավոր նպատակներից մեկը ապրանքաշրջանառության ծավալներն ու ներդրումային հնարավորություններն ընդլայնելու վերաբերյալ քննարկումներն են։ Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2021 թ. սկզբին և մենք ակնկալում ենք համագործակցության շրջանակների ընդլայնում բոլոր ոլորտներում։ Դրա երաշխիքն այսօր այստեղ՝ բուլղարական 30-ից ավելի ընկերությունների ներկայացվածությունն է, որոնք նույնպես նման ցանկություն հայտնեցին։

Հայաստանը Բուլղարիայի համար ապրանքաշրջանառության կարևոր միջանցք է դեպի Մերձավոր և Հեռավոր Արևելքի երկրներ, Հայաստանը նաև առանցքային նշանակություն ունի հաղորդակցությունների և արագընթաց ցանցերի տեսանկյունից։ Մեր հետաքրքրության կենտրոնում են նաև տրանսպորտային հաղորդակցություններն ու ենթակառուցվածքները, ուստի ակնկալում ենք փոխվստահության և փոխշահավետության վրա հիմնված արդյունավետ համագործակցություն»,- ասել է Ռոսեն Ժելյազկովը։

Ամփոփելով նիստի աշխատանքը՝ Հակոբ Արշակյանը անդրադարձել է վերջերս Իրանում ստորագրված հուշագրին, համաձայն որի՝ ստեղծվելու է Հայաստանի տարածքով Պարսից Ծոցի և Ասիայի երկրները Եվրոպային միացնելու ինտերնետ հասանելիության տարանցիկ կապուղի։ «Այստեղ կա տվյալների կենտրոնների ենթակառուցվածքները զարգացնելու համագործակցության մեծ ներուժ»,- ասել է նախարարը։

Նա նշել է նաև, որ նոր ստեղծվող նախարարության շրջանակներում բուլղարական կողմի հետ ակտիվ համագործակցություն կծավալվի նաև ռազմարդյունաբերության ոլորտում՝ համատեղ գիտահետազոտական նախագծերով նպաստելով երկու երկրների անվտանգության բարձրացմանը։ Հակոբ Արշակյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է նաև, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում մի շարք նշանակալի միջոցառումներ են նախատեսված՝ 2019 թ. հոկտեմբերի 6-9-ը Երևանում կանցկացվի ՏՏ համաշխարհային համաժողովը, հունիսի 24-28-՝ը «Ինժեներական շաբաթը», ինչպես նաև «Դիջիթեք էքսպո» տեխնոլոգիական ցուցահանդեսը: Նախարարը ներկաներին հրավիրել է մասնակցել այդ կարևոր միջոցառումներին:

Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակներում ստորագրվել են մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր։ Հակոբ Արշակյանը և Ռոսեն Ժելյազկովը նիստի արդյունքների վերաբերյալ ստորագրել են արձանագրություն։