Foto

Փաշինյանը վտանգի է ենթարկում իր թշերը

«Ադրբեջանական հանրությանը խաղաղության նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայսատանի իշխանությունների մասնակցությամբ պետք է լինի»,- Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա ղարաբաղյան կարգավորման գործընթացում բացառիկ նորամուծություն է: Թե ինչպես է Փաշինյանը դա պատկերացնում, մի քիչ դժվար է պատկերացնել, բայց ենթադրվում է, որ Հայաստանի և Արցախի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում էլ Ադրբեջանի՞ իշխանությունների մասնակցությունն է խրախուսվելու: Սա առավել դժվար է պատկերացնել, հատկապես Սումգայիթի և Բաքվի կոտորածներից, Ապրիլյան պատերազմից, Գուրգեն Մարգարյանի և Քյարամ Սլոյանի սպանություններից հետո: Գուցե Փաշինյանին նման հայտարարություն անելու համար «վերելակային դիվանագիտությունն» է ոգեշնչում, բայց մենք՝ հայերս, արդեն մի անգամ նմանատիպ «ֆուտբոլային» էքսպերիմենտ արել ենք, արդյունքը գիտենք:

Մեր ոչ վաղ անցյալի փորձը ցույց է տալիս, որ հարևան «խաղաղասեր» ժողովրդի իշխանությունը միայն ուժի լեզուն է հասկանում, միայն այդ լեզվով է հարաբերվում հարևանների և իր ժողովրդի իրենից դժգոհ հատվածի հետ: Նրա հետ հերթական «դիվանագիտությունը» ավելի խոցելի է դարձնում մեր և Արցախի անվտանգությունը, որովհետև մինչ մենք խաղաղասիրական ուղերձներ ենք անում, մեր հակառակորդը սահմաններն է ամրացնում, զինվում ապագա պատերազմի համար, դիվանագիտական նոր հարթակներ է ստեղծում (ինչ-որ տեղ նաև մեր թողտվությամբ)՝ արդարացնելու իր ապագա ռազմատենչ քայլերը:

Առաջիկայում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում, որը թրեևս բանակցության փոխարեն քննարկում կոչվի, բայց այնուամենայնիվ ՀՀ վարչապետը պատրաստվո՞ւմ է իր ուղերձն ուղիղ հասցեատիրոջը փոխանցել: ՄԽ համանախագահները, որ վերջերս հաճախ են խոսում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտության մասին, կհիշեցնե՞ն Ադրբեջանի ղեկավարին Ջուղայի վանդալիզմի, սահմանագծին լայնամասշտաբ զորավարժությունների անթույլատրելության մասին, թե՞ կբավարարվեն այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանի թշերը քաշելով:

 

 

foto
Authoor: Eduard Saribekyan