Foto

Արման Մելիքյան․ Մենք պետք է պատրաստ լինենք լայնածավալ, այդ թվում նաև հարձակողական պատերազմի

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած վերջին հայտարարությունը հայաստանյան փորձագիտական շրջանակների կողմից տարբեր կերպ է մեկնաբանվում, ոմանց կարծիքով՝ այն որևէ նորություն չի պարունակում՝ բանակցային գործընթացը նույն ձևաչափով շարունակելու տեսանկյունից, ոմանց համար էլ՝ դրանով Մինսկի խումբը հստակ նշել է, որ Արցախը չի կարող մասնակցել բանակցություններին: Թեմայի հետ կապված Vesti.am-ը զրուցեց անկախ վերլուծաբան, Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ:

- ԼՂՀ հարցի հետ կապված օրերս եղան բազմակողմ հայտարարություններ՝ ԵԱՀԿ ՄԽ հմանախագահների հայտարարությունը, որին հաջորդեց ՀՀ ԱԳՆ հայտարարությունը։ Շատ քաղաքական գործիչներ այս հարցի հետ կապված հասցրեցին անել մեկնաբանություններ, ոմանք այն մտահոգիչ գնահատեցին, ոմանք էլ՝ որպես սովորական պրոտոկոլային հայտարարություն։ Ձեր կարծիքով իսկապե՞ս մտահոգիչ է և որքանով է լուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս հայտարարությունը։

- Մինսկի Խմբի համանախագահների հայտարարությունը մտահոգիչ կամ սպառնալից չեմ համարում: Միջնորդների մանդատի պահանջն ու նաև բարոյական պարտականությունն է բանակցային գործընթացը հանգեցնել հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի համար փոխընդունելի լուծումների: Իսկ այդ կողմերն էլ երեքն են՝ Ադրբեջան, Արցախի ու Հայաստանի հանրապետություններ: Քսան տարուց ավելի է, ինչ, ինձ համար անհասկանալի պատճառներով, պաշտոնական Երևանը, միգուցե անսալով համանախագահների հորդորներին, միգուցե սեփական անհեռատես «նախաձեռնողականության»  արդյունքում որոշեց իրենով բանակցային սեղանի մոտ փոխարինել նաև Արցախին: Ժամանակը ցույց տվեց, որ այս հիմնազուրկ և ճակատագրական միակողմանի զիջումը ոչ միայն խեղեց բանակցային իրական ձևաչափը, այլև հնարավորություն տվեց Ադրբեջանին նենգափոխելու հակամարտության բուն էությունը՝ Հայաստանը ներկայացնելու, որպես ագրեսոր պետություն: Այժմ պաշտոնական Երևանն իրավացիորեն հանդես է գալիս այնպիսի նախաձեռնություններով, որոնք կարող են  բանակցային գործընթացը վերադարձնել ռացիոնալ, գործնական և արդյունավետ հունի մեջ, ուր հակամարտության միջազգայնորեն ճանաչված բոլոր երեք կողմերն  հանդես կգան իրենց իրական իրավասությունների ու պատասխանատվության դիրքերից: Համանախագահներն իրենք են բազմիցս հայտարարել, որ հակամարտության կողմերի փոխարեն որոշումներ կայացնել չեն կարող և  իրենց գործը  փոխընդունելի լուծումներ փնտրելուն և գտնելուն նպաստելն է: Ուստի կարող եմ կոչ անել միջնորդներին, որ իրենք շարունակեն արդյունավետորեն աշխատել հենց այս ուղղությամբ և հարգանքով վերաբերվեն այն ջանքերին, որոնք կողմերից յուրաքանչյուրն իրավասու է գործադրել խաղաղ կարգավորման գործընթացը ստեղծված բանակցային ճահիճից հանելու համար:

- Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում մասնակցեց Ազգային անվտանգության խորհրդի նիստին։ Կարծո՞ւմ եք այնուամենայնիվ կհաջողվի Փաշինյանին Արցախին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ։

 -Ես այդպիսի հնարավորություն տեսնում եմ: Այլ հարց է, թե պաշտոնական Երևանն ինչ քայլեր է նախատեսում անել այս ուղղությամբ՝ դրանց արդյունավետության մասին հնարավոր կլինի խոսել, երբ պարզ դառնա հայաստանյան դիվանագիտության առաջիկա հնարավոր նախաձեռնությունների կոնկրետ իրավաքաղաքական բովանդակությունը:

- Մեր քաղաքագետներից մեկն իր տված հարցազրույցներից մեկում նշել է, որ ականատեսն ենք լինում պատերազմի նախապատրաստական աշխատանքների վերջին փուլերի։ Գրեթե միշտ խոսվում է պատերազմի վերսկսման մասին, բայց ոչ ոք ստույգ ժամանակ չէր մատնանշում։ Միթե կարող ենք հիմա իրատեսական համարել և ասել, որ հասել ենք պատերազմի վերսկսման սահմանագծին, եթե հաշվի առնենք Ադրբեջանում անցկացվող զորավաժությունը ևս։

- Համեմատաբար փոքրամասշտաբ ռազմական բախումների հավանականությունն առկա է ամեն րոպե, իսկ լայնածավալ պատերազմի վերսկսումը պայմանավորված է լինելու շատ ավելի ընդգրկուն աշխարհաքաղաքական գործընթացի զարգացման օրինաչափություններից բխող նոր իրողություններով, որոնք դեռ հասունացման փուլում են: Մենք պետք է պատրաստ լինենք նաև լայնածավալ, այդ թվում նաև հարձակողական պատերազմի, քանի որ ակնարկածս աշխարհաքաղաքական գործընթացի համատեքստում մեզ համար կարող են առաջանալ այնպիսի սպառնալիքներ, որոնք անհրաժեշտ կլինի կանխավ չեզոքացնել զինված ուժերի գործադրման միջոցով: Բայց դա չի նշանակում, որ պատերազմն այլընտրանք չունի մեր պարագայում՝ մենք կարող ենք նաև մնալ որպես խաղաղության կղզյակ մեզ շրջապատող տարաբնույթ զինված հակամարտությունների կենտրոնում: Ամեն դեպքում, ներկա փուլում կարճաժամկետ կտրվածքով այս հարցի հետ կապված միանշանակ կանխատեսումներ անել չարժե:

- Ձեր կարծիքով որո՞նք են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, եթե հաշվի առնենք տեղի ունեցող իրադարձությունները:

- Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք առաջիկայում կկայանա Ալիև-Փաշինյան պաշտոնական հանդիպումը և ինչպես կարձագանքի ադրբեջանական կողմը Հայաստանի վարչապետի նոր նախաձեռնություններին։

foto
Authoor: Tamara Abrahamyan