Foto

Բակո Սահակյան․ Արցախը պատրաստ է շարունակել իր կառուցողական ներդրումը տարածաշրջանում տևական ու ամուր խաղաղության հաստատման համար

2019թ. մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ կայացավ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված գործողությունների ուրվագծմանը:
Քննարկումների արդյունքում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների անդամների կողմից գնահատվեց Արցախի անվտանգության համակարգը և վերահաստատվեց, որ պաշտպանության ապահովման կարողությունները երաշխավորված են և գտնվում են բարձր մակարդակի վրա: Միևնույն ժամանակ, հայկական երկու կողմերը վերստին ընդգծեցին իրենց աջակցությունը և հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը` հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա։
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշեց. «Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ բանակցային գործընթացին և որպես Արցախի անվտանգության երաշխավոր շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, միևնույն ժամանակ, խաղաղ գործընթացի լիարժեքության ու արդյունավետության ապահովման համար Արցախի որոշից ձայնի ու ներգրավվածության հարցը մնում է արդիական»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն իր հերթին ընդգծեց, որ 1994-1995 թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ իրականացումն ընկած է խաղաղությանը նպաստող մթնոլորտի հիմքում` կարևոր նպաստ բերելով խաղաղ գործընթացի առաջմղմանը։ «Արցախը պատրաստ է շարունակել իր կառուցողական ներդրումը տարածաշրջանում տևական ու ամուր խաղաղության հաստատմանն ուղղված բանակցային գործընթացում»,-նշեց Բակո Սահակյանը։Համատեղ նիստի շրջանակներում ընդգծվեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը հայկական կողմերի համար եղել և մնում են բացարձակ գերակայություններ: Կարևորվեց խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում: