Foto

Հարկահավաքի փողը չի պակասի. ռեալիստական հեքիաթ

Լինում է, չի լինում, մի հզոր ու համարձակ թագավոր է լինում: Բայց էս թագավորը շատ անբախտ է լինում, օր ու գիշեր մեկ արած մտածում է, թե ոնց անի, որ իր ժողովուդը լավ ապրի, որովհետև էս ժողովուրդը աշխատելու հետ հեչ զահլա չի ունենում:

Օրերից մի օր էս թագավորի նազիր-վեզիրները զեկուցում են, թե իր երկրում գործից շատ թե քիչ գլուխ հանող մի քանի մարդ գերշահույթ են ստանում դրամափոխությամբ ու վաշխառությամբ: Հազարավոր հասարակ շինականներ էլ, սրանց թակարդն ընկած, տոկոսների տակ ճկռում են, լավ չի:

Թագավորը որ էդ մասին լսում է, խիստ զայրանում է՝ «ո՞նց թե իմ ժողովրդի հաշվին գերշահույթ են ստանում, մի բան մտածեք, էս ժողովրդին դրանց ճանկերից փրկենք»: Բայց էս նազիր-վեզիրները հին մարդիկ էին, հազար իշխան ու թագավոր տեսած: Լավ էին հիշում, որ առաջներում թագավորության գանձարանը ամեն գնով փող էին լցնում, մի քանի կոպեկ էլ տուն տանում, ժողովրդի մասին մտածողն ո՞վ էր:  

Էլ երկար բարակ չեն մտածում, որոշում են թագավորի անունից մի հրովարտակ գրել, թե սրանից հետո էդ դրամափոխներն ու վաշխառուները մեկի տեղը բազմապատիկ հարկ պիտի տան, որ գերշահույթ չստանան: Ստացվեց էնպես, որ էդ օրվանից դրամափոխությունն ու վաշխառությունը նազիր-վեզիրներն սկսեցին, որովհետև ծանր հարկերի պատճառով էն նախկին դրամափոխներն իրենց դուքանները կամաց-կամաց փակեցին:

Մի որոշ ժամանակ անց էս թագավորը նոր հասկացավ, որ ժողովրդին դրանից ոչ մի օգուտ էլ չեղավ, ուղղակի իր թագավորության հարկահավաքներն ու պալատականները նորից պետական գանձարանից պարգևատրում ստացան: